ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի-Sputnik. Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի քողի ներքո։ Երբ Օսմանյան Թուրքիան ներգրավվեց «խաղի» մեջ, ընդունվեց գրաքննության մասին օրենք։ Այն արգելում էր երկրում աշխատող համաշխարհային մամուլի լրագրողներին լուսաբանել կատարված իրադարձությունները։ Տեղեկության հայթայթման հարցում միջազգային լրագրողներին օգնում էին չեզոք երկրների հյուպատոսները։
«Որպեսզի հասկանանք այդ շրջանում Հայոց ցեղասպանության մասին հետաքրքրությունը, բավական է ասել, որ միայն 1915 թվականին ամերիկյան «Նյու Յորք Թայմսը» 145 հոդված է հրապարակել հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին։ Ընդ որում, նյութերի մեծ մասը հայտնվում էր առաջին էջերին, այն էլ` տպավորիչ վերնագրերով, ասենք` «Մի ամբողջ ազգ բնաջնջվում է»»,-ասաց Մանուկյանը:
Այդ շրջանում մեծ էր նաև ռուսական մամուլի դերը։ Նա հատկապես հրապարակում էր լուսանկարներ Արևմտյան Հայաստանից, և դրանք այսօրվա համար լուրջ վավերագրեր են։
«Միայն 40-ականների կեսից ցեղասպանության հարցը նորից արծարծեցին։ Մամուլը փորձում էր Մեծ եղեռնի ու Հոլոքոստի միջև զուգահեռներ գտնել»,-ասաց ցեղասպանության թանգարան-
ինստիտուտի փոխտնօրենը։
Տեղեկատվական հաջորդ բռնկումը ցեղասպանության 50-ամյակի և ԱՍԱԼԱ-ի գործունեության հետ էր կապված։ Մամուլը սկսեց քննարկել` ինչն է դրդում հայ երիտասարդներին կյանքը վտանգել` նման գործողությունների դիմելով։
Մանուկյանն անդրադարձավ նաև Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք Հայաստանը զիջում է Թուրքիային տեղեկատվական պատերազմում։ Բանախոսը չհերքեց, որ Թուրքիան մեծ ռեսուրսներ է ներդնում ամբողջ աշխարհում իր հորինածն առաջ մղելու համար։ Սակայն Հայաստանը ևս պասիվ դիրքերում չէ։
«ԱՄՆ լավագույն համալսարաններից մի քանիսում թուրքերն ամբողջ ամբիոններ են հովանավորում։ Օրինակ` Պրիստոլի համալսարանի թուրքագիտության ամբիոնը ֆինանսավորում է թուրքական կառավարությունը»,- ընդգծեց նա։
Մանուկյանը ցավալի իրողություն հաղորդեց. հայ երիտասարդները խուսափում են զբաղվել ցեղասպանագիտությամբ, մինչդեռ ամբողջ աշխարհում ցեղասպանագետների մեծ մասը թուրքեր են։
«Մեզ մոտ սայլը տեղից չի շարժվում։ Պետական պատվերներ պետք է իջեցնեն, զգալի թվով երիտասարդների խրախուսեն մեկնել արտասահման սովորելու այս ուղղությամբ»,- ասաց նա։
Սուրեն Մանուկյանը հավելեց. ժողովրդագրական պատերազմում Հայաստանը զիջում է դիրքերը Թուրքիային, ուստի հայ երիտասարդները պետք է 10 անգամ ավելի շատ աշխատեն աշխարհին ճանաչելի դարձնելու հայերի հանդեպ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։