ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Երևանի Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5 միլիոն 210 հազար ՀՀ դրամ, հայտնեցին նվագախմբից:
«Զինվորիս հետ» նախագծին են միացել նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող այլ ՊՈԱԿ-ները, մասնավորապես ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Համազգային թատրոնը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Հայաստանի պարի պետական համույթը, Խամաճիկների պետական թատրոնը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը, «Բարեկամություն» պետական համույթը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի ազգային գրադարանը:
Նշված կազմակերպությունների կողմից հանգանակված գումարը կազմում է 6 միլիոն 859 հազար 500 ՀՀ դրամ:
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում հավաքվել է 12 միլիոն 69 հազար 500 դրամ:
«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է: