ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանը «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ ինքը վաղուց է համոզված, որ պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի:
Աբրահամյանը 1998-2000 թթ. աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Նրա գտնում է, որ Սփյուռքում շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ, ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, և ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձևով այդ մարդկանց համախմբելու և հայոց բանակն ուժեղացնելու նաև նրանց գիտելիքների շնորհիվ:
«Այդ մարդիկ էլ իրենց հերթին պետք է մտածեն այս դժվարին ժամանակներում ինչ-որ բան անել Հայաստանի համար, կանգնել հայկական բանակի կողքին»,- նշեց Աբրահամյանը:
«Ցավոք, ղարաբաղյան հարցը միայն պատերազմով է լուծվելու, իսկ պատերազմի համար խելամիտ ուժեր և մարտունակ բանակ է անհրաժեշտ»,- նշեց Նարեկ Աբրահամյանը` ավելացնելով, որ այսօր շատ կարևոր է Հայաստանի բնակչության, զուգահեռաբար նաև բանակի թվաքանակի աճի խնդիրը, որի համար հստակ ռազմավարություն պետք է մշակվի:
Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել և վերջնական հաղթանակ ունենալ:
«Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,-ասաց Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝ իր հերթին կոչ անելով այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել և գործել: