ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտիքի խոսքն է հղել բոլոր մարտական ընկերներին, բոլոր կամավորականներին` ոչ միայն իր, այլև ամբողջ հայ ժողովրդի անունից` այս օրերին ԼՂ մեկնելու և Պաշտպանության բանակի զինվորներին իրենց փորձառությամբ աջակցելու համար։
«Կարծում եմ, որ այսօրվա հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում»,- ասված է ՀՀ ՊՆ ուղերձում։
Նախարարը հայտնում է նաև, որ մեծ է այն կամավորականների թիվը, ովքեր հերթագրվել են ու սպասում են ԼՂ մեկնելու իրենց հերթին։ Բայց Պաշտպանության բանակի հրամանատարությունը տեղեկացրել է, որ ԼՂ բանակի բոլոր ստորաբաժանումներն արդեն համալրված են։
«Մնացածը թող իրենց պատրաստակամության արտահայտության հետ միասին զբաղվեն պատրաստությամբ և անհրաժեշտության դեպքում կմեկնեն Արցախ»,- ասում է Սեյրան Օհանյանը` իր մարտական ընկերներին կոչ անելով երբևիցե չհուսահատվեն ու չընկճվեն:
«Մեզ անպայման անհրաժեշտ են համարձակ մարտական ընկերներ: Այդ համարձակությունը, զգոնությունը թող միշտ ձեզ հետ լինեն, և լինելով այստեղ` Հայաստանում, միշտ պատրաստ եղեք, որովհետև մեր պայքարը մշտական է, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք, և դուք անպայման կմեկնեք մեր Արցախի հայրենակիցների անվտանգությունն ապահովելու»,- ասված է նախարարի ուղերձում:
Սեյրան Օհանյանը նաև ցավ է հայտնում բոլոր այն զինծառայողների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի սուրբ հատվածի` Արցախի պաշտպանության համար: