ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայ զինվորականները պատմում են, որ առաջին անգամ կիրառված «Սմերչը» ո՛չ իրենց է վնաս հասցրել, ո՛չ տեղի բնակիչներին։
Արկերն ընկել են ադրբեջանական ավերված գյուղերից մեկի մոտ։
«Երևի սխալ էին նշան բռնել»,- ժպիտով ասում է սպաներից մեկը։
Սկզբում մտածեցինք` երևի նա ճիշտ է, գուցե ադրբեջանցիներն ուզել են փորձարկել այդ հզոր զենքը։
Բայց այս մի քանի օրվա ընթացքում խաղաղ բնակչությունն այնքան շատ է գնդակոծության ենթարկվել (ռազմական ստորաբաժանումները չհաշված), որ ավելի տրամաբանական կլիներ (թեև ավելի ողբերգական) սպառազինությունը փորձարկել անմիջական նշանակությամբ։
Հետո արդեն` նյութի վրա աշխատելիս, ուսումնասիրելով «Սմերչի» արկերի ընկնելու վայրը, մեզ համար անսպասելի հայտնաբերեցինք, որ դրանք ընկել են այնտեղ, որտեղ նախկինում գտնվել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի հայրենի գյուղը, այն Սաֆարովի, որը կացնով սպանել էր քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին։
Հենց Ջեբրայիլի շրջանի Շուքյուրբեյլի գյուղում է 1977թ.-ին ծնվել Սաֆարովը։ Այժմ այն տարածքը, որտեղ գտնվում են ավերված տները, մտնում է Հադրութի շրջանի կազմում։