ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն է այն մասին, որ իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ:
Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին