ԵՐԵՎԱՆ, 26 մարտի- Sputnik. Ադրբեջանական կողմն անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների` Զատկի և Նովրուզի տոներին հրադադարի ռեժիմը չխախտելու հորդորները, և այս օրերին գնդակոծում է ՀՀ և ԼՂՀ տարածքները, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ, վիրավորվել է Բերքաբեր գյուղի մի բնակիչ։
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Sputnik Արմենիա ռադիոկայանին հայտնեց, որ այս գիշեր մինչև ժամը 6-ը գյուղը գնդակոծվել է։ Դրա հետևանքով իր տան մոտ մեջքից վիրավորվել է 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, ով այժմ գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Իսկ այն լուրը, թե գյուղում տուն է պայթել, գյուղապետի խոսքով` իրականությանը չի համապատասխանում։
Մադաթյանը նշեց, որ թեև գյուղը գրեթե միշտ էլ գնդակոծվում է, սակայն վերջին օրերին հակառակորդն ավելի է ակտիվացել։