ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռոստովի օդանավակայանում գտել են կործանված Boeing-737-800 օդանավի երկու «սև արկղը»:
«Այսօր երևի արդեն կորոշեն, թե երբ են դրանք վերծանելու, և միայն վերծանումից հետո պարզ կլինի՝ ինչ է կատարվել ինքնաթիռի հետ. դա կամ օդաչուի սխալն է եղել, կամ էլ եղանակային պայմաններն են պատճառ դարձել», — հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավարի խորհրդական Ժաննա Տերեխովան:
Քննիչներն արդեն ստացել են թռիչքի հետ կապված փաստաթղթերն ու ուսումնասիրել օդանավակայանի օպերատիվ ծառայության գործողությունները: Fly Dubai ընկերության հետ փորձում են կապ հաստատել: Ընկերության ներկայացուցիչները շուտով կժամանեն Ռոստով:
ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը նշել է, որ չնայած բարդ եղանակային պայմաններին, քննիչները շարունակում են աշխատել ավիավթարի վայրում: ՔԿ քննիչները հավաքում են զոհված ուղևորների մարմնի մասերը, ավելլի ուշ դատական ու գենետիկ փորձաքննություն կանցկացվի:
981 չվերթով մեկնող օտարերկրյա ուղևորների թվում Հունաստանի, Իսպանիայի և Կիպրոսի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնել է Դուբայում
Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Գոչա Բուաչիձեն, հայտնում է «Ռոսիա24»-ը: Ավելի վաղ հրապարակվել էր զոհված ուղևորների ցուցակը: Օդանավում 55 ուղևոր է եղել, ինչպես նաև՝ ինքնաթիռի անձնակազմի 7 անդամ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Ավելի վաղ ցավակցություն էին հայտնել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ռոստովում վթարի ենթարկված Fly Dubai ընկերության Boeing-737-800 օդանավը կործանվել է վայրէջքի ժամանակ: Աղետի հիմնական վարկածներ են համարվում վատ եղանակային պայմանները կամ օդաչուի սխալը: