ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Դոնի Ռոստովի օդանավակայանը փակ կլինի մինչև մարտի 20-ի առավոտյան ժամը 07:00-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչին:
«Հետադարձ չվերթերը հետաձգվել են, ավիաընկերությունների ներկայացուցիչներն իրազեկվել են չվերթերի հետաձգման մասին»,- ասել է նա:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևան-Ռոստով չվերթը, որն իրականացնում է «Աերոֆլոտ» ընկերությունը, նույնպես հետաձգվել է: Օդանավակայանն առայժմ այլ տեղեկություն չունի:
Նախնական տվյալով՝ Boeing 737-800-ը կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Ողբերգությունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04:40-ին: Ինքնաթիռը բախվել է գետնին և մի քանի մասի բաժանվել: Ինքնաթիռի ամբողջ անձնակազմն ու բոլոր ուղևորները զոհվել են:
Նախնական տվյալով՝ զոհվածների մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, անձնակազմի անդամները՝ արտասահմանցիներ: ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է, որ ուղևորների թվում երեք օտարերկրացի է եղել, տեղեկությունը դեռ ճշտվում է: