ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. «Եվրատեսիլի» կազմկոմիտեն ընդունել է 2016-ի համար Ուկրաինայի հայտ-երգը, հայտնում է France24-ը:
Այսպիսով` Ուկրաինան «Եվրատեսիլին» կներկայանա Սուսանա Ջամալադինովայի՝ Ջամալայի «1944» երգով, որի դեմ խիստ առարկություն էր ներկայացրել Ռուսաստանը՝ դա «քաղաքական մեսիջ» որակելով: Մրցույթի կազմկոմիտեն, սակայն, երգում քաղաքական ենթատեքստ չի նշմարել, ուստի մրցույթի կանոնների խախտում չի արձանագրվել:
Ուկրաինացի երգչուհի Սուսաննա Ջամալդինովան (կեղծանունը՝ Ջամալա) ծնվել է Ղրիմի թաթարի և հայուհու ընտանիքում: Եվրատեսիլում կատարելու համար նա ընտրել է «1944» երգը` Ստալինի օրոք Ղրիմի թաթարների արտաքսման մասին:
«Եվրատեսիլ 2016»-ը տեղի է ունենալու Ստոկհոլմում, քանի որ մեկ տարի առաջ Վիեննայում հաղթեց Շվեդիայում հայտնի կատարող Մոնս Սելմերլյովը «Հերոսներ» երգով: Դա Շվեդիայի ներկայացուցչի երկրորդ հաղթանակն էր երեք տարվա ընթացքում: