ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:
Ընտրությունը տեղի ունեցավ նախօրեին` Ցյուրիխի «Հալենշտադիոն» մարզահամալիրում ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսի ժամանակ, որի պատվիրակների թվում էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անդամ երկրների պատվիրակների քվեարկության արդյունքում հավաքեց 115 ձայն:
Նշենք, որ քվեարկությանը մասնակցող 201 երկրների ներկայացուցիչներ մեկական ձայն ունեին քվեարկության համար: Նախագահի պաշտոնին հավակնում էր 5 թեկնածու` Ջանի Ինֆանտինոն, Ասիայի կոնֆեդերացիայի ղեկավար շեյխ Սալմին բին Իբրահիմ ալ Հալիֆան, Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեինը, ՈՒԵՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպայնը: ՀԱՀ-ը ներկայացնող գործարար Տոկիո Սեկվսալեն վերջին պահին հանել էր իր թեկնածությունը:
ՖԻՖԱ-ի նոր նախագահը ֆուտբոլային կառույցը կղեկավարի առաջիկա 4 տարիներին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերը որակազրկվել էր և ֆուտբոլային գործունեությունից զրկվել 6 տարով՝ կոռուպցիոն խոշոր սկանդալի հետ կապված: