ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի- Sputnik. Tara Airlines ավիաընկերության ոչ մեծ ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան անհետացել է ռադարներից Նեպալի լեռներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 21 մարդ՝ 18 ուղևոր և անձնակազմի երեք անդամ:
Ինչպես հաղորդել է Փոքհար քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Յոգենդրա Քուվարան, ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից անմիջապես հետո: Նրա խոսքով՝ ինքնաթիռը Փոքհար քաղաքից ուղևորվել է Ջոմսոմ քաղաք, բայց ինքնաթիռի երթուղում ոչ մի թռիչքուղի չկա:
Ավելի ուշ ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է ինքնաթիռի հետ կապը կորցնելու փաստը:
«Ինքնաթիռն այսօր առավոտյան Փոքհարից ուղևորվել է Ջոմսոմ, նրա հետ կապը կորել է»,- հայտարարել է Ֆրանս Փրես գործակալությանը Tara Airlines-ի ներկայացուցիչ Բհիմ Ռաջ Ռայը:
Նա նաև հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 18 ուղևոր և անձնակազմի երեք անդամ:
Ինքնաթիռը որոնելու համար ուղարկվել է երկու ուղղաթիռ, սակայն նրանց աշխատանքը հետաձգվել է վատ եղանակային պայմանների պատճառով: