Լաուրա Սարգսյան, Sputnik.
1960-ականները Հայաստանի արվեստի պատմության նոր «ոսկե դարը» դարձան: «Նոր վերածննդի» վառ ներկայացուցիչներից մեկը Մինաս Ավետիսյանն է: Նա ստեղծել է շուրջ 500 կտավ, 20 մեծ որմնանկար և տասնյակ թատերական ներկայացումների նախագծեր: Նրա արվեստը պատվավոր տեղ է զբաղեցրել համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ:
Ավետիսյանի կյանքն ընդհատվեց Երևանում 1975թ.-ի փետրվարի 24-ին:
Ղազանչյանը պատմում է, որ Մինասը ցանկանում էր ավտոմեքենա ձեռք բերել, որը ճակատագրական դեր խաղաց նրա կյանքում:
— Ես պատրաստվում եմ մեքենա գնել,- ասաց Մինասը՝ նստելով տաքսի:
— Օհ, բայց մեքենա վարելը դժվար է, դու կարո՞ղ ես,- հարցրի ես:
— Դե, մեքենա վարելն ավելի դժվար չէ, քան նկարելը,- ասաց Մինասը և մեկնեց Ջաջուռ:
Իսկ 1975թ.-ի փետրվարի 24-ին Մինասը Գյումրիից մեկնեց Երևան և այլևս չվերադարձավ: Երեկո էր, հիշում եմ՝ ինչպես էր Մինասը պատրաստվում ճանապարհ ընկնել և նստեց իր ավտոմեքենան: Ես ու Խաչիկ Պարոնյանը խնդրեցինք Մինասին սպասել մինչև առավոտ, բայց նա շտապում էր: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է բեմադրվեր նրա ներկայացումը: Դա պրեմիերա չէր, բայց կարևոր իրադարձություն էր, քանի որ շատ հյուրեր էին լինելու արտասահմանից: Այդ չարաբաստիկ օրը ներկայացումից հետո էլ տեղի ունեցավ ողբերգությունը: Մինասը կորցրել էր մեքենայի կառավարումը, այն հայտնվել էր մայթեզրին: Մինասը մահացել էր:
Ամեն ինչ սկսվեց Գյումրիում
Այն ժամանակ ես Լենինականի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էի: Մենք որոշել էինք բեմադրել Շեքսպիրի «Համլետը»: Որպես նկարիչ` հրավիրել էինք Մինաս Ավետիսյանին, իսկ կոմպոզիտորը Տիգրան Մանսուրյանն էր: Գյումրիում պրեմիերային մնացել էր երեք օր: Տիգրանը երաժշտություն էր գրում, Մինասը ցուցումներ էր տալիս բեմական հագուստի և դեկորների վերաբերյալ:
Կարճ ժամանակահատվածում բոլորը հասցրել էին նրան սիրել, իսկ նա իր հերթին հասցրել էր բոլորին նկարել: Հիշողությամբ: Շուտով Մինասն այլևս մեզ հետ չէր, չկայացավ նաև «Համլետը»: Չէ՞ որ նրա մահվան լուրը ցնցեց բոլորին…
Կամուրջ ներկայի և անցյալի միջև
Մինասի հետ ծանոթ մարդիկ զգում էին այդ օժտված մարդու աուրան: Շատերը գալիս էին նրա հետ զրուցելու, նրա տաղանդի մասին նյութ գրելու, և նա բոլորի հետ նույնքան մարդկային էր ու հասարակ: Մինչև նրա վերջին օրերը մենք զգացել ենք նրա մեծությունը, հզորությունը, վեհանձնությունը, միաժամանակ նա հանգիստ և խաղաղ բնավորություն ուներ:
Մինաս Ավետիսյանի վրձնին է պատկանում շուրջ 500 կտավ, 20 մեծ որմնանկար և տասնյակ թատերական ներկայացումների նախագծեր: Նրա արվեստը պատվավոր տեղ է զբաղեցրել համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ: