ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի- Sputnik. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները հաղթանակ են տարել Պերմի երկրամասում տեղի ունեցած «Հավսար, հաղթանակ» պատանի հայրենասերների հավաքում, հաղորդվում է ՊՆ կայքում։
Մրցումներին, որն անցկացվել է Պրիվոլժսկի դաշնային շրջանի կադետական կորպուսի բազայում, մասնակցել է ավելի քան 500 պատանի Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից և Չինաստանից։
Հավաքին մասնակցել են սուվորովյան ուսումնարանների, վարժարանների, կադետական կորպուսների և հայրենասիրական ակումբների 42 թիմեր։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը կիսել է առաջին տեղը Ռուսաստանի հերոս Ֆյոդոր Կուզմինի անվան Պրիվոլժսկի դաշնային շրջանի Պերմի կադետական կորպուսի սաների հետ։
Ռազմամարզական վարժարանի սաները հայրենիք կվերադառնան փետրվարի 22-ին ժամը 20:20-ին՝ Մոսկվայից «Զվարթնոց» օդանավակայան ժամանող չվերթով:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Պերմի երկրամասի հարցերի գլխավոր վարչությունը, հավաքի շրջանակում տեղի են ունեցել գործնական պարապմունքներ տարբեր առարկաներից, դրանք բոլորն առավելագույն մոտ են եղել իրական պայմաններին։
Ամենակարևոր փորձությունը վազքն էր, որի մասնակիցները հաղթահարել են 12,5 կմ տարածք և անտառում վրանային ճամբար տեղադրել, որտեղ տեղի են ունեցել հիմնական միջոցառումները։ Պատանի հայրենասերների հետ պարապմունքներն անցկացրել են ուժային կառույցների ներկայացուցիչները, այդ թվում` փորձագետներ, կինոլոգներ, ուսումնական կենտրոնի, ավիաջոկատի մասնագետներ, հատուկ ստորաբաժանումների մարտիկներ։