ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Պատրաստ են ստորագրման մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր, ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Analitik.am-ին տված հարցազրույցում:
«2016-ին մեր երկկողմանի համագործակցությունը և բազմակողմանի կապերի զարգացումը ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում կամրապնդվեն: Բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, այդ թվում` խորհրդարանական, գերատեսչական, այցեր են նախատեսված, ինչպես նաև նախատեսվում է շարունակել խորհրդակցություններն արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանից Ռուսաստան կայցելեն բարձրաստիճան պատվիրակություններ»,- նշեց դեսպանը:
Ըստ Վոլինկինի` ռուս-հայկական հարաբերությունները ծանրակշիռ օրակարգ ունեն՝ երկու պետությունների ղեկավարները, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարները պարբերաբար կարծիքներ են փոխանակում: Մեծ թվով փոխադարձ երկկողմանի այցեր են կատարվում, ակտիվ բանակցություններ են ընթանում ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մասով:
Ռուս դիվանագետը հիշեցրեց, որ Հայաստանի տարածքում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը: Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները հսկվում են Հայաստանում՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերի կողմից:
Ռուսաստանը հայկական տնտեսության մեջ ներդրում կատարող երկրների ցանկում առաջատարներից մեկն է և խոշոր հարկատուների ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնում: Ակտիվ զարգանում են մշակութային և հումանիտար բազմակողմանի կապերը:
«Ինչպես տեսնում եք, ոչ բոլոր երկրներում կարելի է տեսնել համագործակցության և համատեղ աշխատանքի այսպիսի բազմակողմանի ոլորտներ: Այս մասով Հայաստանը Ռուսաստանի համար հանդիսանում է յուրահատուկ և վստահելի գործընկեր՝ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական հարթակներում»,- նշեց դեսպանը:
Նա միաժամանակ նշեց, որ «ռազմավարական դաշնակցությունը և բազմադարյա բարեկամությունը հասարակ խոսքեր չեն, դա մեծ պատասխանատվություն և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է»: