ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Յուրաքանչուրն, ով դիրքերում պարել է, զգացել է ռազմապարի ոգին, և մենք հիմա պայմանավորվածություն ունենք պաշտպանության նախարարության հետ, որպեսզի ռազմական ինստիտուտի ծրագրում ընդգրկվի ռազմապարը, հայտնեց Գագիկ Գինոսյանը։
Նա հիշեցրեց, որ դեռ պատմահայր Խորենացին «Հայոց պատմության մեջ» նշել է ռազմապարի մասին` այն կոչելով «Պարք բանակաց»։ Ռազմապարերը, նրա կարծիքով, և՛ ճարպկություն են տալիս, և՛ մարմինը ճիշտ տիրապետելու կարողություն։
Նա համոզված է, որ հայ մարդու տոկունությունը նաև պարի մեջ է։ Դա տոկոնության, անպարտելիության խորհուրդ է, դրանով հաղթական ոգի է մտնում զինվորի մեջ։
«Մեր ջոկատի տղաները կհիշեն` մենք ԳԱԶ66 մեքենա ունեինք, որով տեղաշարժվում էինք մարտի դաշտում։ Ես նստում էի պահեստային անիվի վրա ու ամբողջ ճանապարհին երգում էի։ Տղաներին նաև պարել էի սովորեցրել»,- հիշեց Գինոսյանը արցախյան պատերազմի տարիները։
«Պատերազմի ժամանակ ցավալի կորուստներ ունեցանք, կարծում եմ, որ պատերազմը դաժան, բայց հզոր դեմք ունի. պատերազմը զորացնում է։ Երբ հայն իր ճակատագրին տեր լինելու կամք է ունենում, Փոքր Մհերն Ագռավաքարից դուրս է գալիս։ Վստահ եմ, որ Փոքր Մհերը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ առաջնագծում էր»,- կարծում է նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը։