ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի- Sputnik. Իմ նախկին գործակալ Սելյուկի մեղադրանքները կապված են նրա ծառայություններից հրաժարվելու հետ, ասել է Արաս Օզբիլիսը News.am-ին տված հարցազրույցում։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակից» թուրքական «Բեշիկթաշ» ակտիվ քննարկումներ է առաջացրել հայկական և ռուսական ֆուտբոլային հանրության շրջանակում։ Մասնավորապես, նրա նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը վիրավորական ձևով է արտահայտվել Օզբիլիսի մասին` նշելով, որ Հայաստանի կամ Հոլանդիայի հավաքականների միջև ընտրություն կատարելիս Արաս Օզբիլիսը ղեկավարվել է «Երևանից ստացված գայթակղիչ առաջարկով»։
«Սելյուկը հիմար է, եթե այդպիսի բան է ասել: Մինչև իմ տեղափոխությունը նա երկու օր առաջ զանգահարեց ինձ և առաջարկեց համագործակցել իր հետ: Ես ասացի՝ ոչ: Ահա այդ պատճառով է նա նման հիմար բաներ խոսում: Եթե ես գումար ընտրեի, ես կընտրեի Հոլանդիայի ազգային հավաքականը, քանի որ բոլորը գիտեն, որ ֆուտբոլիստի արժեքն այնտեղ շատ բարձր է՝ համեմատած Հայաստանի: Ես ընտրեցի Հայաստանը սրտովս, այլ ոչ թե գումարի համար»,- ասաց Օզբիլիսը:
Արասի խոսքով` «Բեշիկթաշ» տեղափոխվելու հիմնական պատճառը դարձել է «Սպարտակում» խաղային փորձի բացակայությունը, ակումբն էլ դեմ չէր նրան վաճառել։
«Շատ դժվար է թիմի համար ձեռք բերել մի ֆուտբոլիստի, որը չի խաղացել մեկուկես տարի, բայց «Բեշիկթաշի» նախագահն ու ողջ թիմը հավատում են ինձ, իսկ դա իմ որոշումը կայացնելը դարձրեց ավելի հեշտ: Թիմն ինձ արժանացրեց հիանալի ընդունելության և ցույց տվեցին, որ հավատում են»,- ասել է Օզբիլիսը։
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ և իր որոշումը վերաբերում է ֆուտբոլին։ Նրա խոսքով` մշտական խաղային փորձը թույլ կտա ավելի լավ հանդես գալ նաև Հայաստանի հավաքականի կազմում։