Տոնական մթնոլորտը տարածվել է Երևանում: Սերը և սիրահարվելու ձգտումը մարդկանց դուրս է բերել փողոց, ու հարյուրավոր տարիքով ու հոգով երիտասարդները, թմբկահարների հաղորդած ռիթմի ուղեկցությամբ, եկեղեցականների հետ գնում են Սիրահարների այգի: Երթը գլխավորում է օրվա խորհրդանիշը՝ սպիտակ ձիով ասպետը:
Խինդն ու ծիծաղը խլացնում են ձիու ոտքերի դոփյունի ձայնը:
«Մենք չգիտեինք, որ երթ է լինելու, սիրածս աղջկա հետ դուրս եկանք զբոսնելու, տեսանք, որ երթ է կազմակերպվել, ու որոշեցինք միանալ միջոցառմանը», — պատմում է քայլերթի մասնակիցներից մեկը:
Աղջիկների խումբը գաղտագողի մոտենում է առաջնորդ Սարգսին, ու հերթով սկսում են սելֆիներ անել: Ոմանք գիտակցված, ոմանք էլ պատահականորեն ստանում են եկեղեցականի օրհնությունը, հետո գնում են մասնակցելու սպասվող համերգին:
Անկախ նրանից, որ Ս. Սարգսի ժամանակներից հարյուրավոր տարիներ են անցել, այնուհանդերձ հատկապես վերջին տարիներին ակունքներին վերադառնալու միտում է նկատվում: Հայաստանում ավելի ու ավելի շատ զույգեր են այս տոնն իրենցը համարում:
Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Երիտասարդները հավատում են, որ Ս. Սարգիսն իրականացնելու է իրենց սիրո երազանքը: