ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Բաքվի և Սումգայիթի ջարդերի հարցը վաղուց պետք է դառնար հայկական դիվանագիտության և ընդհանուր առմամբ քաղաքական էլիտայի քաղաքական օրակարգի խնդիրը, Sputnik ռադիոկայանի եթերում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա կարծում է, որ այդ խնդիրը պետք է ոչ միայն տեղեկատվական քաղաքականության մաս դառնա, այլ անդադար բարձրացվի բոլոր այն հարթակներում, որտեղ ներկայացված են Հայաստանն ու Ադրբեջանը:
«Կան հանձնաժողովներ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, այլ հարթակներում` կանանց, երեխաների, ընտանիքի հարցերով զբաղվող, և ոչ մի տեղ Հայաստանը հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբ: Ես հասկանում եմ, որ ճշմարտությունն ինքնին կա, բայց այն պետք է պաշտպանել»,- նշեց Ալավերդյանը:
Նա միակ ձեռքբերումը համարեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որի շրջանակում նկարահանվել է ֆիլմաշար, գործարկվել է Karabakhrecords կայքը, հրատարակվել են գրքեր:
«Սա ոչ միայն անմեղ զոհերի հիշատակն է, սա ցեղասպան գործողությունների մասին լռություն է: Այսինքն` սա ավելին է, քան պասիվությունը: Ես հայկական քաղաքական էլիտային հորդորում եմ, որ ընկալեն, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում 88-ին, մինչև անգամ 1994 թվականը, ցեղասպանական ակտ է, ցեղասպանության վերջին ակտի փորձն է, որը չհաջողվեց, և Հայաստանի կողմից այդ փաստը լռության մատնելը մեզ դնում է շատ կասկածելի վիճակում»,- նշեց Ալավերդյանը:
Նրա կարծիքով` սա հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ, դրա համար այդ հարցը դատապարտելու, հանցագործներին գտնելու և պատժելու, իսկ նրանց մեծ մասը հիմա հազիվ 50 տարեկան լինի, նման այլ գործողությունների կարիք կա, որոնք պետք է իրականացնի Հայաստանը պետական մակարդակով:
«Դա պետք է ոչ միայն հայության համար, ոչ միայն անցյալի համար, այս բոլորը պետք է արվի, որ ապագայում նման բան չկրկնվի: Այսինքն` դրանք ճշմարտություններ են, որոնք չեն պահանջում ավելորդ ապացույցներ: Մենք խոսում ենք ապագայի մասին, քանի որ չդատապարտված հանցագործությունը, լռության մատնված հանցագործությունը միայն ու միայն խթան է նոր այսպիսի հանցագործություններ գործելու համար»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով` Ադրբեջանը հասկանում է, որ մարդասպանի, մանկասպանի և կանանց սպանողի խարանը չի կարողանալու ջնջել։ Եվ ամեն տարի այն վայնասունը, որ բարձրացնում են, միայն խորացնում է Ադրբեջանի քաղաքական էլիտայի և այդ գործողության մեջ անմիջապես մասնակցություն ունեցող ԶԼՄ-ների մեղքը, հանցագործությունը:
Ալավերդյանը համոզված է, որ Ադրբեջանը տարածաշրջանում «Իսլամական պետություն» կազմակերպության կրկնօրինակն է, ավելի ճիշտ` նախատիպը։ Այդ ահաբեկչական կազմակերպությունը և միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջան պետությունը ուղղակի հակադրվում են համայն քաղաքակիրթ աշխարհին:
«Ինչու՞ եմ ասում հակադրվում են, այլ ոչ թե ոտնահարում են մարդու իրավունքները: Հարցն այն է, որ շատ պետություններում կա մարդու իրավունքների ոտնահարում, ոտնահարողները փորձում են դա թաքցնել, իսկ հասարակությունը հայտնաբերում և պայքարում է դրա դեմ։ Իսկ Ադրբեջանն ու Իսլամական պետությունը բացեիբաց են հակադրվում քաղաքակիրթ նորմերին ու քաղաքակիրթ աշխարհի պատկերացումներին»,- եզրափակեց Ալավերդյանը:
1988 թ. փետրվարի 26-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսևորումն էր: Սումգայիթի ջարդերը շարունակվեցին երեք օր և ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով և սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետևանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: