ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Մինսկի գրքի «Մշակույթ» միջազգային XXIII ցուցահանդես-վաճառքին, հայտնում է Belta.by բելառուսական գործակալությունը:
Մինսկի միջազգային գրքի ցուցահանդես-վաճառքը կանցկացվի փետրվարի 10-14-ը:
Բացի ազգային ու արտասահմանյան գրահրատարակչության լավագույն նմուշների ցուցադրությունից, նախատեսված է լայն մշակութային ու գործարար ծրագիր: Ցուցահանդեսի հիմնական թեմաներից է Մշակույթի տարին ու հայրենական գրատպության 500-ամյա նշանավոր իրադարձությանը նախապատրաստվելը:
Անդրադարձ կլինի նաև ԱՊՀ-ի 25-ամյակի թեմային, Չերնոբիլի աղետի 30-ամյակին, ՄԱԿ-ի 70-ամյակին, Վիլյամ Շեքսպիրի 400-ամյակին, Մաքսիմ Բոգդանովիչի, Իվան Շամյակինի, Կոնդրատ Կրապիվայի, Իվան Մելեժայի, Վլադիմիր Մուլյավինի հոբելյանական տարեթվերին:
Գրքի ցուցահանդեսի համատեքստում կանցկացվի «Գրողն ու ժամանակը. ժառանգորդությունը գրականության մեջ» II Միջազգային գրական սիմպոզիումը` մերձավոր ու հեռավոր արտասահմանից հրավիրված անվանի գրողների մասնակցությամբ: Նախատեսված է նաև սեմինար երիտասարդ գրականագետների համար:
Տեղի կունենա նաև «Գրքի մշակույթ» 55-րդ ազգային մրցույթի հաղթողների պարգևատրումը: Տարբեր երկրների հրատարակիչները կներկայացնեն նոր գրական նախագծեր, տեղի կունենան հանդիպումներ հայտնի բելառուսական ու արտասահմանյան հեղինակների հետ, կկազմակերպվի գրքի արտադրանքի վաճառք: Համաժողովի կազմակերպիչներն են տեղեկատվության նախարարությունն ու Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն: