ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կտեղափոխվի «Ռեալ Սոլթ Լեյք», այս մասին համաձայնության են եկել «Սպարտակը» և «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը, հաղորդում է Մոսկվայի ակումբի պաշտոնական կայքը:
Մովսիսյանը վարձավճարով հանդես է գալու «Ռեալ Սոլթ Լեյքում» մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակի» բոլոր երկրպագուներին այն երեք տարիների ընթացքում աջակցության համար, որ ինքը հանդես է եկել ակումբում։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ վերադառնում եմ MLS և իմ նախկին ակումբ` «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում ես նվաճեցի Գավաթը 2009-ին։ Անկեղծորեն շնորհակալ եմ «Սպարտակին» և բոլոր նվիրված երկրպագուներին աջակցության համար։ Անհամբերությամբ սպասում եմ իմ կարիերայի նոր փուլի սկզբին»,- գրել է Մովսիսյանը Facebook-ի իր էջում։
Հայ հարձակվողը «Սպարտակում» նորամուտը նշել է 2013 թվականի մարտին: Մինչ այժմ նա ռուսական թիմի կազմում մասնակցել է 66 հանդիպման և դարձել 27 գոլի հեղինակ: