ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի- Sputnik. Բրազիլական որոշ քաղաքների իշխանություններ որոշում են կայացրել չեղյալ հայտարարել ամենամյա դիմակահանդեսները կամ խիստ կրճատել դրանց անցկացման ծախսերը` վերջին 70 տարիների ռեցեսիայի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Financial Times-ին։
Ավանդական ամենամյա դիմակահանդեսը, որն այս տարի նախատեսված է փետրվարի սկզբին, սովորաբար զբոսաշրջիկների մեծ հոսք է ներգրավում երկիր։ 2015թ.-ին բրազիլական դիմակահանդեսին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ ողջ աշխարհից։
Դիմակահանդեսը չեղյալ է հայտարարվել Պորտու Ֆերեյրա քաղաքում, դա տեղի է ունեցել 30 տարվա մեջ առաջին անգամ։ Քաղաքապետը բացատրել է այդ որոշումը նրանով, որ դիմակահանդեսը չանցկացնելը թույլ կտա իշխանություններին խնայել շուրջ 30 հազար դոլար, որը կտրամադրվի «Շտապօգնության» մեքենաների գնմանը։ Դիմակահանդեսներից հրաժարվել են նաև Ամապա և Լավրաս դու Սուլ քաղաքները։
Հրատարակությունը նշում է, որ որոշ քաղաքներ առաջիկայում նույնպես չեղյալ կհայտարարեն դիմակահանդեսները։
Բրազիլիայում բարդ տնտեսական իրավիճակ է։ Դեկտեմբերի կեսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Բրազիլիայի վարկանիշը մինչև BB+` բացասական կանխատեսմամբ։