ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Դավիթ Գալստյան. Մերձավոր Արևելքում սրված հակասությունները` կապված Իրանի դերի մեծացման հետ, Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման մասին` պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն վտանգներին, այլև նոր ստեղծվող հնարավորություններին։ Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որը կարող է ինչպես փակուղի լինել, այնպես էլ` խաչմերուկ»,- կարծում է Ոսկանյանը։
Նրա խոսքով` Իրանի և «վեցնյակի» համաձայնությունից հետո արդեն Հայաստանը մի շարք քայլեր արեց, որպեսզի միջանցք դառնա Ռուսաստանի և Իրանի միջև, որը կկապի երկու երկրների էներգետիկ համակարգերը։
«Մենք տարանցիկ երկիր դառնալու լուրջ հնարավորություններ ունենք` հաշվի առնելով վրաց-իրանական վերջին համաձայնագիրը գազի առաքման մասին և բացառապես Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքով դա իրականացնելու Իրանի ցանկությունը»,- ասաց Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով` Հայաստանը կարող է օգուտ քաղել տարածաշրջանում առկա հակասություններից, այդ թվում Իրանի և Թուրքիայի, ԻԻՀ և Ադրբեջանի, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրումից։
«Իրանի հետ ունենալով բարեկամական հարաբերություններ, որն ի տարբերություն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի` կարող է դառնալ տարածաշրջանում գործընթացները ղեկավարող երկիր, Հայաստանը կարող է օգտվել դրանից, առավել ևս, որ Արևելքում չեն մոռանում հին ընկերներին։ Իսկ Հայաստանն Իսլամական պետության համար ծանր օրերին չի մասնակցել նրա մեկուսացմանը և ընդհանուր առմամբ չի կատարել հակաիրանական քայլեր»,- նշեց Ոսկանյանը։
«Անհրաժեշտ է գտնել նաև Իրանի հետ երկաթուղու ֆինանսավորման հնարավոր ուղիներ։ Բացի այդ, Հայաստանը բացառիկ դեր է խաղում Իրանի համար բարձրավոլտ գծերի հարցում»,- ասաց Ոսկանյանը։
Չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրմանը` այս իրավիճակում, փորձագետի կարծիքով, պետք չէ սպասել «հայտնությանը», քանի որ անվտանգության մակարդակը թեև նվազել է, բայց տարածաշրջանի համար նման իրավիճակը նոր չէ և նույնիսկ սովորական է։