Անի Լիպարիտյան, Sputnik.
«Մեր ժամացույցը միշտ ճիշտ է աշխատում ու առանց խափանումների։ Այն ամեն օր հետևում է քաղաքի անցուդարձին… Գիտե՞ք, թե որքան մարդ է ժամադրվել այս ժամացույցի տակ»,- ժպիտով պատմում է ժամագործ-մեխանիկ, աշտարակի ժամացույցի սպասարկման վարպետ Լյովա Ալեքսանյանը։
Երևանցիների յուրաքանչյուր օրը սկսվում է երկրի գլխավոր ժամացույցի զանգերի ղողանջով։ Հայաստանի մայրաքաղաքի այդ խորհրդանիշը գտնվում է Հանրապետության հրապարակում, ավելի ստույգ` կառավարության շենքի աշտարակում։ Որքա՜ն բան է տեսել այն… Չէ՞ որ այն արդեն 74 տարեկան է։
Նոր տարվա նախաշեմին Sputnik Արմենիան փորձեց իմանալ, թե ինչպես է աշխատում մեխանիզմը, որն ամեն Նոր տարի դեկտեմբերի 31-ին` ժամը 00։00-ին հանդիսավոր կերպով նշանավորում է նոր կյանքի սկիզբը Երևանի բնակիչների ու հյուրերի համար։
Ժամանակագրություն
Մեր առջև բացվում են բաղձալի դռները… Ապշեցնող տեսարան է։ Մենք տեսնում ենք մեխանիզմը ներսից` ատամնանիվներ, պտուտակներ, պտտվող անիվներ ու սկավառակներ։
Երևանցիները գրեթե ամեն օր տեսնում են գլխավոր սլաքները, երբեմն անցնում են առանց նկատելու, որովհետև այդ ժամացույցը դարձել է յուրաքանչյուր երևանցու կյանքի անքակտելի մասը։
Երկրի գլխավոր ժամագործը խոստովանում է, որ աշխատանքի 12 տարվա ընթացքում ժամը չի ճշտել ուրիշ ժամացույցով, նույնիսկ «անվանի» ժամացույցների` Կրեմլի կամ Բիգ Բենի ժամացույցներով։
Լյովա Ալեքսանյանը պատմում է իր «սանի» գաղտնիքները. 1940թ.-ին կառուցվել էր կառավարության շենքը, և արդեն սկսվել էր ժամացույցը տեղադրելու գործընթացը։ Ժամացույցը պատրաստ էր արդեն 1941թ.-ին, և ժամագործի խոսքով` այն տեղադրվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Նա սիրով, քնքշությամբ և զգուշությամբ դարակից հանեց մեխանիզմի անձնագիրը։
«Ինժեներ Ա. Յ. Մագուշևսկի»,- հպարտությամբ կարդաց Sputnik Արմենիայի զրուցակիցը և նայեց մեզ։ Նա հավելեց, որ Երևանում աշտարակի ժամացույց տեղադրելու հատուկ առաջադրանք ստանալով` Ռազմածովային նավատորմի ժողովրդական կոմիսարիատը ձեռնամուխ է եղել դրա կատարմանը։
Քաղաքի անցուդարձի լուռ վկան
Այս տարիների ընթացքում գլխավոր ժամացույցի մասին «հոգ են տարել» հինգ վարպետներ` Արծրուն Յավրոյանը, Զորիկ Հակոբյանը, Գեղամ Մկրտչյանը, Աշոտ Մելիքսեթյանը և Լյովա Ալեքսանյանը։
Ժամացույցի թվացույցի երկար սլաքի երկարությունը 1,70 սմ է, իսկ փոքրինը` 1,50 սմ։ Լյովա Ալեքսանյանը վիրավորվում է, երբ մամուլը սխալ է նշում չափերը։
Ի դեպ, ժամացույցի տեսքը մինչ օրս չի փոխվել, թեև առաջարկ է եղել ժամացույցներ տեղադրել աշտարակի բոլոր չորս կողմերում, բայց արդյունքում մնացել է միայն կլոր ժամացույցը։
— Իհարկե, երբեմն եղել են խափանումներ։ Բայց մենք հնարավորություն ունենք արագ արձագանքել և ամեն ինչ ներսից ուղղել։ Ուստի մարդիկ կարող են անգամ չնկատել, եթե խնդիրներ ծագեն։ Բայց ամեն դեպքում դա մեխանիզմ է, և խափանումներն անխուսափելի են։Մինչ նա պատմում էր մեխանիզմի աշխատանքի նրբությունների մասին, գլխավոր ժամացույցի սլաքները կատարեցին իրենց ավանդական պտույտը։
Լյովա Ալեքսանյանը հետաքրքիր պատմություն հիշեց. 2006թ.-ին ժամացույցն առավոտից փչացել էր, քանի որ պոկվել է դետալներից մեկը։ Որոշ ԶԼՄ-ների մոտ խուճապ էր սկսվել, քանի որ այդ հունվարյան օրը պետք է տեղի ունենար նախագահներ Քոչարյանի և Ալիևի հանդիպումը։ Շատերը սկսել էին մտածել, որ ժամացույցի կանգնելը վատ նշան է. «վերջ, մենք հանձնում ենք Ղարաբաղը»։ Բայց անսարքությունն արագ շտկվեց։
«Սկզբում ժամացույցն էլեկտրական էր, իսկ հիմա այն կառավարման էլեկտրական վահանակով է` մշակված հայ մասնագետների կողմից»,- ասաց Լյովան։
Բոլոր հայտնի մարդիկ, որոնք եղել են ժամացույցի մոտ` կառավարության շենքի աշտարակի վերջին հարկում, գրություն են թողնում հատուկ մատյանում։
Զանգերը
Մինչ մենք հմայված դիտում էինք մեխանիզմը ներսից, Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը պատմեց, որ մեկ հարկ վերևում գտնվում են երկրի գլխավոր զանգերը։
Մենք զգուշորեն բարձրացանք բարդ աստիճաններով և հասանք զանգերին։ Պարզվում է, որ երեք ռուսական զանգերը Հայաստան են բերվել խորհրդային տարիներին, երբ ոչնչացվում էին եկեղեցիները։ Իսկ վերջինը` ամենափոքր զանգը, նվիրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Դա նվեր է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց։
«15 րոպեն մեկ զանգերը հնչում են մեկ անգամ, յուրաքանչյուր ժամի 30-րդ րոպեին` 2 անգամ, իսկ 59:32-րդ րոպեից մինչև 00։00-ն հնչում է հիմնը, և զանգերը զարկում են ժամերի քանակին համապատասխան։ Այսինքն, ժամը մեկին` մեկ անգամ, երկուսին` երկու անգամ և այդպես շարունակ։
Եվ վերջում
Վարպետի խոսքով` երկրի գլխավոր ժամացույցը երբեք անհարմարություններ չի պատճառել, այնքան հեշտ է նրա աշխատել, որ ժամագործն արդեն կապվել է հետը։ «Ես ժամացույցին բարևում եմ և հրաժեշտ տալիս»,- խոստովանեց նա։
Մենք լքեցինք «գաղտնի մեխանիզմով» սենյակը, որն արդեն պատրաստվում է շնորհավորել հայերի Ամանորը։ Գլխավոր ժամացույցի զանգերը կհնչեն 12 անգամ, և Հայաստանի հյուրերն աղմուկով կբացեն շամպայնը, կշնորհավորեն միմյանց Նոր տարին և ոտք կդնեն 2016թ.։