Հայաստանի գլխավոր ժամացույցը տեղադրվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Sputnik Արմենիա պորտալին հաջողվել է մուտք գործել Երևանի կենտրոնական հրապարակի աշտարակ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է։
«Մեր ժամացույցը միշտ ճիշտ է աշխատում և անխափան։ Այն ամեն օր հետևում է քաղաքի անցուդարձին… Գիտե՞ք` քանի մարդ է ժամադրվել այս ժամացույցի տակ»,– ժպիտով պատմում է ժամագործ–մեխանիկ, աշտարակի ժամացույցի սպասարկման վարպետ Լյովա Ալեքսանյանը։ Երևանցիների յուրաքանչյուր օրը սկսվում է երկրի գլխավոր ժամացույցի զանգերի ղողանջով։
Հայաստանի մայրաքաղաքի այդ խորհրդանիշը գտնվում է Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի աշտարակում։ Որքա՜ն բան է տեսել այն… Չէ՞ որ արդեն 74 տարեկան է։ Ամանորի նախաշեմին Sputnik Արմենիա պորտալը փորձել է իմանալ, թե ինչպես է աշխատում ժամացույցը, որն ամեն Նոր տարի դեկտեմբերի 31–ին ժամը 00։00–ին հանդիսավորությամբ նշանավորում է նոր կյանքի սկիզբը Երևանի բնակիչների և հյուրերի համար։

















