ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը վրդովվել է Վրանգելի կղզու շինարարների անպատասխանատու պահվածքից, քանի որ նրանք կենցաղային թափոնների աղբանոց են ստեղծել, իսկ հետո սպիտակ արջին կերակրել աղբանոց նետված պայթուցիկով։
Կենդանու տանջանքները ցուցադրող տեսագրությունը հրապարակվել է համացանցում և մեծ աղմուկ բարձրացրել հասարակության շրջանում։ Չուկոտկայի ինքնավար շրջանի դատախազությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է անցկացնում։
«Կղզու արգելոցի աշխատակազմի տվյալով` մարդիկ խեղել են կենդանուն` նրա վրա պայթուցիկ նետելով։ Կենդանին որսացել է պայթուցիկը, լուրջ վնասվածքներ է ստացել և հավանաբար արդեն սատկել է։ Դատելով գիշատչի պահվածքից` կարելի է ենթադրել, որ կենդանին մարդկանց մոտ էր իջնում, որովհետև նրան կերակրում էին։ Բացի այդ, անկախ արգելոցի ներկայացրած բացատրություններից, շինարարները կղզում սննդային մնացորդների աղբանոց էին սարքել», — գրված է կայքում։
Ռուսաստանում WWF ներկայացուցիչները այս դեպքը սադիզմի դրսևորում են որակել։
«Սա սադիզմ է, այս դեպքն այլ կերպ չես որակի։ Սպիտակ արջերը հետաքրքրասեր կենդանիներ են և մարդկանցից չեն վախենում։ Նույնն է, թե միամիտ երեխային պայթուցիկով կոնֆետ հյուրասիրես։ Ցավոք, ռուսական օրենսդրությունը խիստ պատիժ չի սահմանել նման դեպքերի համար. կենդանուն սպանելու համար մարդուն սպառնում է 3 տարվա ազատազրկում և մինչև 1 միլիոն ռուբլի տուգանք», — ասել է Ռուսաստանում WWF կենսաբազմազանության պահպանման ծրագրի ղեկավար Վլադիմիր Կրևերը։
Ինչպես նշվում է կայքում, Արկտիկայում պետք է աշխատեն հատուկ պատրաստություն անցած մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է պետք անել սպիտակ արջերին հանդիպելու ժամանակ։ Կազմակերպության ղեկավարությունն անհապաղ պետք է բացատրական աշխատանքներ անցկացնի նրանց հետ, ովքեր աշխատում են այդ տարածքներում։ Բացի այդ, պետք է ավելի լուրջ մոտենալ կապալառուների ընտրության հարցին, վերահսկել ոչ միայն նրանց կատարած աշխատանքների որակը, այլև` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրենսդրության պահպանումը։
Սպիտակ արջը շատ արժեքավոր կենդանի է և գրանցված է Կարմիր գրքում, պահպանվում է Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով։ Ամբողջ աշխարհում շուրջ 25 հազար սպիտակ արջ է մնացել։