ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Sputnik Արմենիա պորտալին հայտնել է, որ երազում է Նոր տարում օլիմպիական ոսկի նվաճել։
«Անցնող տարին ես գնահատում եմ որպես ինձ համար լավ տարի։ Ես հասել եմ իմ նպատականերին, աշխարհի առաջնության ոսկե մեդալ եմ նվաճել, ինչպես նաև աշխարհի հաջորդ առաջնությանն ու օլիմպիադային մասնակցելու ուղեգրեր։ 2016 թվականը օլիմպիական տարի է, և իմ գլխավոր նպատակը ոսկե մեդալ նվաճելն է», – ասաց Ալեքսանյանը։
Այժմ մարզիկը Ծաղկաձորում մասնակցում է հավաքների, դրանք կավարտվեն դեկտեմբերի 26-ին, և նա կմեկնի Գյումրի։
Մեկնաբանելով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ընտրությունը` ըմբիշը չառանձնացրեց որևէ մարզիկի` մտահոգվելով, որ կարող է որևէ մեկին մոռանալ։
«Ես չեմ որոշում, մասնագետներն են որոշում, այդ իսկ պատճառով այդ հարցն ավելի ճիշտ կլինի նրանց ուղղել», – ժպիտով նշեց մարզիկը։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցել է 34 մարզական լրագրող։ Ներկայացնում ենք հավակնորդների ամբողջ ցուցակը.
1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339 միավոր
2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267
3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն, 265
4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231
5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113
6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107
7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106
8. Արամ Ավագյան՝ բռնցքամարտ, 101
9. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, 99
10. Սմբատ Մարգարյան` ծանրամարտ, 95
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն` Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):