Արմենուհի Մխոյան, Sputnik.
Տոնական զարդարանք ունի ոչ միայն Գյումրու կենտրոնական հատվածը, այլ նաև` քաղաքի մյուս թաղամասերը: Մասնավոր կառույցները նույնպես ջանք ու եռանդ չեն խնայել իրենց զարդարանքն ամենալավը դարձնելու համար:
Ձմեռ պապի, Ձյունանուշի ու փոքրիկների օգնությամբ՝ հայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը տան գլխավորի իրավունքով վառեց Գյումրու քաղաքապետը։ Նա բոլորին ուրախ տրամադրություն մաղթեց ու հրավիրեց դեկտեմբերի 31-ին կրկին հավաքվել քաղաքի կենտրոնական հրապարակում` Ամանորը միասին դիմավորելու համար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ 2016 թվականը Գյումրու համար ուրախ տարի կլինի:
«Քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվել է, բայց շատ խնդիրներ դեռ կան, այնուամենայնիվ, ամեն ինչ հաղթահարելի է: Ամենակարևորն այն է, որ վստահություն կա»,- նշեց քաղաքապետը` ցանկություն հայտնելով, որ արտագաղթ չլինի: «Սա ամենալավ քաղաքն է ապրելու ու արարելու համար»,- ավելացրեց Սամվել Բալասանյանը:
Ի դեպ, Գյումրու գլխավոր տոնածառն այս տարի նոր է: Տոնական գեղեցկուհին 27 մետր բարձրություն ու շքեղ զարդարանք ունի, բայց գյումրեցիների համար ամենակարևորը տոնածառի ամրությունն է: Տոնածառի նախագծման, ամրանների պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացրել է հատուկ լիցենզավորված ընկերությունը, որն էլ պատասխանատու է անվտանգության համար:
Հիշեցնենք, որ անցած տարի, հունվարի 8-ին Գյումրու գլխավոր տոնածառը տապալվել էր ուժեղ քամու հետևանքով: «Վարդանանց» հրապարակում տեղադրված մոտ 24 մետր բարձրություն ունեցող ծառը, չդիմանալով ուժեղ քամուն, թեքվել էր, ինչի հետևանքով տոնածառի ծանրությունից հիմք հանդիսացող ամրանները ջարդվել էին և շրջել տոնածառը: Բարեբախտաբար, տարածքում մարդ չէր եղել:
Քաղաքի գլխավոր տոնածառի ընկնելը շատերի համար վատ նախանշան էր։ Սակայն էլ ի՞նչ Գյումրի, եթե չլինի գյումրեցուն հատուկ սուր ու դիպուկ հումորը: Հնարամիտ գյումրեցին տոնածառի ընկնելը վերածեց հումորի. «Անցած տարի տոնածառը պառկեց, որ բազմանա՝ էս տարի 1-ի փոխարեն 3 հատ էլ ձագ ունենքե: Խոսքը մեծ տոնածառի հավասարակշռության ամրանները թաքցնելու համար տեղադրված փոքրիկ եղևնիների մասին է: