ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ հիվանդանոցներում քվեարկության պայմաններ են ստեղծվել այն անձանց համար, ովքեր տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեն։
«Նրանք շատ նորմալ պայմաններում իրականացնում են իրենց ընտրությունը»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ տվյալներ չունի այն մասին, թե քանի հիվանդ է քվեարկել ընդհանուր առմամբ, սակայն հայտնել է, որ հանրաքվեի նախորդ օրվա ամփոփիչ տվյալով` Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շուրջ 1500 մարդ պետք է քվեարկեր հիվանդանոցներում։
Արմեն Մուրադյանը շեշտել է, որ քվեարկելու է եկել աղջկա հետ, որն առաջին անգամ է մասնակցում ընտրությունների։
«Շատ ուրախ եմ, որ աղջիկս իր դիրքորոշումն ու տեսակետն ունի։ Նա արդեն 20 տարեկան է, և կարծում եմ, որ ճիշտ ընտրություն է արել` հանուն բարեկեցիկ, պաշտպանված և ապահով Հայաստանի»,- ասել է նախարարը։