ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Մնացական Բիչախչյանը պատմել է, թե ինչպես են ԶԼՄ-ները տարածել, որ մի կին հայտարարել է, թե իբր քույրը մահացել է, սակայն կատարվել է ուսումնասիրություն, և Ամալյա տատիկին գտել են ողջ և առողջ։
«Մենք նկարահանել ենք Ամալյա տատիկին և հրապարակել, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այնպես որ չունենալով պաշտոնական տեղեկատվություն` ինքներս ենք ուսումնասիրություն կատարում»,- ասաց Բիչախչյանը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը քվեարկությունից 20, 30, 10 օր առաջ և քվեարկության նախորդ օրը հրապարակել էր քվեարկության մասնակցության իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը: Նախնական ցուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 555 հազար 831 մարդ, վերջնական ցուցակում` 2 մլն 550 հազար 323, որում ներառված է նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց թիվը։
Բիչախչյանը նշում է, որ շատ դեպքերում շահարկվում է այն խնդիրը, որ անձը այլ համայնքից է, բայց քվեարկում է Երևանում։
«Տեղեկացնում ենք` այն դեպքում, եթե անձը հաշվառված է այլ համայնքում, կարող էր քվեարկության օրից ոչ ուշ, քան 7 օր առաջ դիմում ներկայացնել անձնագրային բաժին։ Ըստ այդմ` կազմվում են լրացուցիչ ցուցակներ, որոնք հրապարակվել են ոստիկանության պաշտոնական կայքում: Բացառվում է ` անձը երկու տեղ ընդգրկված լինի»,- վստահեցնում է վարչության պետը։
Եղել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ կասկածի տակ են առել ընտրացուցակներում 100 և ավելի տարեկան անձանց մասնակցությունը։ Բիչախչյանն այս կապակցությամբ նշում է. «Հանրային վստահությունը կայուն պահելու համար մենք կատարել ենք ուսումնասիրություն, ցուցակներում եղել են 100 և ավելի տարեկան անձինք, պարզվել է` 23-ը ողջ են, կատարվել են այցելություններ: Մարդիկ կասկածի տակ էին պահում, որ 100 և ավելի տարիք ունեցող մարդիկ կարող են ողջ լինել, դա զավեշտ է»։