ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանը կապ է հաստատել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Նա ներկայացրել է, թե ինչպես են ընթանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունն ու ՏԻՄ ընտրությունները։
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 6-ին, Հայաստանում առավոտյան 08։00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը, և ՀՀ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ որոշելու են` կո՞ղմ են սահմանադրական փոփոխություններին, թե ոչ։ Այսօր ՀՀ մի շարք համայնքներում նաև ՏԻՄ ընտրություններ են անցկացվում. Արագածոտնի, Արմավիրի, Լոռու,Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի 34 համայնքներում` Ալաշկերտում, Նոպարում և մի շարք այլ համայնքներում բնակիչները համայնքապետների են ընտրելու:
Գյումրու քաղաքապետը կարևորել է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրություններին։
«Թող քաղաքացիներն արտահայտեն իրենց կամքը, լինի այն, ինչ ժողովուրդը կցանկանա: Սկզբունքը հետևյալն է` բարեփոխումներ, իսկ ՏԻՄ ընտրությունների հետ կապված ակնկալիքը` լուրջ փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան զարգացնել քաղաքը։
Գյումրու քաղաքապետն անդրադարձել է նաև քվեարկությանը մասնակցողների թվին։
«Որոշակի պասիվություն կա, ճիշտ կլիներ, որ մարդիկ ավելի ակտիվ լինեին։ Մարդու կամքն է. ուզում է` գնում է, չի ուզում` չի գնում»,- եզրափակեց նա։