ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի- Sputnik, Գոհար Սարգսյան. «Խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակներ իրականացնելու համար, եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերն ու պարտականությունները: Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով»,- նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի մասին նման հայտարարություն է արել ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբին տասնյակ հազարավոր դոլարներ կազմող գումարներ է տրվել:
«Սակայն ծագման աղբյուրն անհայտ է, և մենք այժմ աշխատանք ենք կատարում աղբյուրը պարզելու ուղղությամբ: Համապատասխան հարցում և աշխատանք կկատարենք` պարզելու, թե մեզ հայտնի կազմակերպությունը («Իսլամական պետություն»- խմբ.) ինչ կապ կարող է ունենալ դեպքի հետ»,- ասաց Համբարձումյանը:
Չնայած խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով միմյանց հետ կապ են հաստատել, այնուամենայնիվ նրանք հայտնվել են ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում, վերցվել հսկողության տակ ու վնասազերծվել:
Միքայել Համբարձումյանը հավաստիացրել է, որ նկատի ունենալով հասարակական հետաքրքրությունը` ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը պարբերաբար մանրամասներ կտրամադրի դեպքի առնչությամբ, սակայն Քննչական վարչությունը պարտավոր է պահել նախաքննական գաղտնիությունը: Դա է պատճառը, որ քրեական գործի հարուցումից օրեր անց հնարավոր չէ ներկայացնել քրեական գործի բոլոր մանրամասները:
«Ազգային անվտանգության ծառայությունն ապահովում է հասարակության և պետության անվտանգությունը, գործում է ինչպես բացահայտ, այնպես էլ գաղտնի մեթոդներով, որոնք բացահայտման ենթակա ն օրենքով սահմանված դեպքերով»,-տեղեկացրել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը:
Տեղեկացնենք, որ վնասազերծված խմբի ղեկավարը Արթուր Վարդանյանն է: Նրա անունով Հայաստանի պետռեգիստրում մարզամշակութային հասարակական կազմակերպություն է գրանցված: Գրանցման վայրի հասցեն է` Արցախի փողոց 10/45:Sputnik լրատվական պորտալն ուսումնասիրել է «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջը: Կազմակերպությունը կոչ է անում միանալ «միահամուռ ազգային պայքարին, որի նպատակն է պաշտպանել ազգը ներկա և ապագա խոշտանգումներից»: Բացի այդ, կազմակերպությունը մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում Արթուրը շրջապատված է դիմակներով ու ամբողջությամբ զինված մարդկանցով: Նա հայտարարում է, որ իրենք պայքարելու են վարձկան ահաբեկիչների դեմ: Նշված է, իբր տեսանյութը նկարահանվել է Քեսաբում 2014 թվականին: Բայց տվյալները որևէ կերպ ապացուցված չեն:
Հետաքրքական է նաև այն փաստը, որ ենթադրյալ հանցախմբի անդամներից մեկը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակից է։ Արման Հայրապետյանը վերջին 10 ամսում աշխատել է հեռուստաընկերությունում որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող:
Խմբում նաև 3 կին է եղել: Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ հանցախմբի վնասազերծման ժամանակ ձերբակալված աղջիկներից մեկը` Նելլի Մինասյանը, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող ցույցերի ակտիվ մասնակիցներից է։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, թե ինչպես են զանգվածային լրատվամիջոցները մատուցում տեղեկությունը:
«Պետք է պահել անմեղության կանխավարկածը: Բոլորիս հայտնի է, որ զինված խումբ է եղել, բայց առայժմ պետք է զերծ մնալ ահաբեկչության մասին որակումներից: Լրատվամիջոցներից մեկի նման որակումները մարդկանց մեջ խուճապ առաջացրին` հաշվի առնելով, թե ինչ տարածաշրջանում ենք գտնվում»,-ասաց Տիգրան Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի և ոստիկանության համատեղ խուզարկությունների արդյունքում Երևան քաղաքի Նորք թաղամասում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: