ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Eagles of Death Metal ռոք խումբը հայտարարել է, որ մտադիր է կրկին ելույթ ունենալ «Բատակլան» թատրոնում, որն ահաբեկիչների թիրախ էր դարձել նոյեմբերի 13-ին:
Նոյեմբերի 13-ին խումբը ելույթ էր ունենում «Բատակլան» թատրոնում, երբ անհայտ անձինք պատանդներ վերցրին և կրակ բացեցին թատրոնում: Ահաբեկչության հետևանքով զոհվեց 89 մարդ, այդ թվում` խմբի երաժշտական մենեջեր Նիկ Ալեքսանդերը:
«Չեմ համբերում` երբ եմ վերադառնալու Փարիզ: Անհամբեր սպասում եմ, երբ եմ նվագելու: Ես ուզում եմ, որ «Բատակլանի» բացումից հետո մեր խումբը առաջինն այնտեղ ելույթ ունենա, որովհետև ես այնտեղ էի, երբ թատրոնը լռեց մեկ րոպեով», — Vice-ի հետ զրույցում ասել է խմբի առաջնորդ Ջեսի Հյուզը:
«Այնտեղ մեր ընկերները մահացան: Ես ուզում եմ վերադառնալ այնտեղ և ապրել», — ավելացրել է նա:
Eagles of Death Metal ռոք խումբը հիմնադրվել է 1998 թվականին: