ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Էդվարդ Նալբանդյանն արդեն Թբիլիսիում է և մասնակցում է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնեց արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Հանդիպման ժամանակ հիմնականում կքննարկվեն Ռիգայի գագաթնաժողովում սահմանված առաջնահերթությունների իրականացմանն ու եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում համագործակցության խորացման հեռանկարներին վերաբերող հարցերը»,- նշված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ոչ միայն քաղաքական, այլև առողջապահական հարցեր, այդ կապակցությամբ Թբիլիսի կժամանի առողջապահության հարցերով եվրահանձնակատար Վիտյանիս Անդրյուկայտիսը։
Արևելյան գործընկերությունը Եվրամիության ստեղծած նախագիծն է, որի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ։ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումներն անցկացվում են 2012 թվականից։