ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը կարող է Թուրքիայից ներմուծվող ապրանքների մատակարարումն արգելելու որոշում կայացնել և պարենային ապրանքները փոխարինել ԱՊՀ-ի այլ երկրներից մատակարարվող մրգով ու բանջարեղենով, «Ռոսիա 1» հեռուսատաալիքի եթերում ասել է գյուղատնտեսության նախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ներկա պահին Թուրքիայից ներմուծվող բանջարեղենի մասնաբաժինը կազմում է Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի ընդհանուր թվի 20%-ը, Թուրքիայից ներկրվող ցիտրուսային մրգերի ծավալը՝ 25%: Բացի այդ, Թուրքիան ռուսական հացահատիկի հիմնական գնորդներից մեկն է:
«Մենք կփոխարինենք դրանք, օրինակ` մրգերը մեզ կմատակարարեն Իրանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Մարոկկոն և Իսրայելը, ցիտրուսային մրգերը, կարծում եմ, կներկրվեն ՀԱՀ-ից և Արգենտինայից: Ռուսաստանցիները չեն զգա Թուրքիայի բացակայությունը երկրի շուկայում (պարենային էմբարգոյի դեպքում — խմբ.): Դա ակնհայտ է, հավատացեք», — ասել է Տկաչովը՝ մեկնաբանելով ՌԴ-ի՝ թուրքական ապրանքներից հրաժարվելու որոշումը:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարի խոսքով` եթե ռուսական հացահատիկի արտահանումը դադարեցվի, ապա Թուրքիային կարող են փոխարինել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները:
Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչ էր վթարի ենթարկվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ հնարավոր է` Ռուսաստանը դադարեցնի Թուրքիայի հետ իրականացվող կարևոր նախագծերը: Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռի աղետը լուրջ հետևանքներ կունենա Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների համար: