ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Պետդումայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատասխանատվության մասին օրինագիծ մտցնելով` Ռուսաստանը փաստացի խայթել է Թուրքիային, Sputnik Արմենիա պորտալին ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
«Շատ դժվար է ասել` ինչպես կանցնի քվեարկությունը: Իհարկե, այս օրինագիծը հաստատելը կապված է ռուսական ինքնաթիռի հետ, սակայն դժվարանում եմ ասել` ինչ հաշվարկներ են թաքնված դրա տակ: Կարծում եմ` այդ մասին գիտեն միայն Կրեմլում և Պետդումայում», — ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այս քայլը բարոյական հարված է Թուրքիայի նկատմամբ:
«Մենք պետք է քննարկենք այդ որոշումը արդարության տեսանկյունից: Նմանատիպ օրինագիծ կա նաև Ֆրանսիայում Հոլոքոստի և, իհարկե, Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ռուսաստանը, որը մեր ամենամոտ դաշնակիցն է, թեև այդ օրինագիծը հիմա է մտցնում, սակայն այնուամենայնիվ մտցնում է», — նշեց Մարտիրոսյանը:
Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու օրինագիծը Ֆրանսիայում գործում է 2006 թվականից և ենթադրում է 2 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրոյի տուգանք:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։