ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի դարեր ի վեր իրականացրած քաղաքականությունն ի սկզբանե հիմնված էր արյան, դավաճանության և ստի վրա։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ թուրք կառավարիչներին բնորոշ մոտեցումների շնորհիվ նրանք ձեռնտու գործիք են դարձել արևմտյան գերտերությունների ձեռքում, և Թուրքիային հաճույքով օգտագործել են Մերձավոր և Միջին Արևելքում իրենց գերակայությունը հաստատելու պայքարում։ Սակայն սա հասկանալու համար բոլորովին էլ պարտադիր չէ ընկղմվել պատմության մեջ։
Սիրիայում կործանված ռուսական Սու-24-ի հետ կապված դեպքն ու դրա շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը հրաշալի կերպով ապացուցում են, թե իրականում ինչով է առաջնորդվում պաշտոնական Անկարան այս կամ այն քաղաքական հարցերը լուծելիս, և նման դեպքերում ինչ վերաբերմունք է դրսևորում, օրինակ, Ամերիկան։
Հիշենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ ամերիկացիները կարողացան հասնել նրան, որ Թուրքիան թույլ տվեց ընդլայնել Ինջիրլիկ ռազմակայանում տեղակայված ամերիկյան
F16 կործանիչների էսկադրիլիան։ Իսկ ռազմակայանը շատ մոտ է այն վայրին, որտեղ կործանվել է ռուսական ինքնաթիռը։ Տարբեր աղբյուրների համաձայն, ամերիկացիները Ինջիրլիկ էին տեղափոխել 6 կամ 10 F16 կործանիչ։ Փաստորեն բոլորովին էլ պետք չէ զարմանալ, եթե պարզվի, որ ռուսական օդանավը «դարանակալել» էին ոչ թե թուրքական, այլ ամերիկյան օդաչուները։ Եթե ոչ այսօր, ապա վաղը ՀԳՎ-ի և ռուսական հատուկ այլ ծառայությունները անպայման կպարզեն ձգանը սեղմած օդաչուի կոչումն ու անգամ նրա կնոջ անունը։ Բայց հիմա դա չէ կարևորը։
Հենց սկզբից էլ պարզ էր, որ Լաթաքիայի երկնքում տեղի ունեցած միջադեպը ծրագրված էր Ատլանտիկայի մյուս կողմում գտնվող որևէ վերլուծական կենտրոնի կողմից։ Այս վարկածը դիտարկելիս անմիջապես հիշարժան է դառնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետևյալ հայտարարությունը. «…Իսկ ի՞նչ կլինի, եթե սկսեն ռուսական ինքնաթիռները կործանել»։ Իսկ ավելի ուշ նույն Քերին հանկարծ առանց պատճառի հայտարարեց, որ ԱՄՆ-ն և Թուրքիան մտադիր են աննկատ ռազմական գործողություններ իրականացնել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ։ Ի դեպ, գործողությունների անցկացման վայր էր նշվել հենց Լաթաքիայի հյուսիսում գտնվող շրջանը։
Այս առումով փորձագետները պետք է ավելի ուշադիր վերլուծեն և ուսումնասիրեն հենց այն շրջանը, որտեղ ռմբակոծել են ռուսական ինքնաթիռը։ Տեսեք` այն գտնվում է Թուրքիայի Ինջիրլիկից ոչ հեռու (ժամանակակից ավիացիայի նորմերի համաձայն, իհարկե), որտեղից ամերիկյան կործանիչները մեկնում են Սիրիայի տարածք` ահաբեկիչներին ռմբակոծելու։ Եվ ճիշտ նույնքան հեռավորություն էլ կա այդ տարածքի ու Սիրիայի «Հմեյմիմ» ռազմակայանի միջև, որտեղ տեղակայված է ռուսական ավիաբրիգադան։
Պետք է հիշել նաև, որ օրեր առաջ հենց այստեղ էր ռուսական ավիացիան ռմբակոծել «անօրինական» նավթով բեռնված ցիստեռնները, որոնցով «Իսլամական պետության» ղեկավարությունը նավթը տեղափոխում էր զավթած սիրիական նավթահորերից, և այսպես կոչված, դեմպինգային գներով, արդեն չորրորդ տարին անընդմեջ վաճառում Թուրքիային։
Պետք նաև իմանալ, որ, ինչպես պնդում են հենց արևմտյան տեղեկատվական աղբյուրները, սիրիական էժան (գրեթե գրոշներով) նավթը Արևմուտքին վերավաճառելու այս բիզնեսի գլխին կանգնած է ոմն Նեջմեդդին Բիլալ Էրդողանը, որը, պարզվում է, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանի որդին է։
Ի դեպ, նույնիսկ արևմտյան մամուլում կարելի է տեսնել այդ «նավթային բարոնի» լուսանկարները, որոնցում նա ներկայանում է «Իսլամական պետության» ռազմական և բարձրագույն քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներով շրջապատված։
Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Ռեջեփ Թայփ Էրդողանը ռուսական Սու-24 օդանավը ռմբակոծելու հրամանն ինքնուրույն է տվել` ընդամենը իր ընտանեկան բիզնեսը ռուսական ռմբակոծություններից պահպանելու համար, ուզում եմ հիշեցնել, որ ամերիկացիներն, օրինակ, այդ տարածքի հետ կապված ավելի լուրջ նպատակներ ունեին։ Նրանց կարծիքով` հենց այստեղ պետք է, շրջանցելով ռուսներին և իրանցիներին, անցներ գազատարն ու նավթատարը, որով Թուրքիա, իսկ այնտեղից էլ Եվրոպա պետք է մատակարարվեին նավթն ու գազը նույն Քաթարից, Սաուդյան Արաբիայից… Իրականում արևմուտքը ցանկանում է Բաշար Ասադին ոչնչացնել զուտ այն պատճառով, որ նա չի համաձայնում ընդունել այս ամենը։ Նա չի ցանկանում խամաճիկ դառնալ ամերիկացիների ձեռքում և չի դավաճանում ռուս ընկերներին։
Ահա և գլոբալ քաղաքական խաղի ամբողջական պատկերը։ Խաղ, որն իրականացնում է Ամերիկան, և որը թույլ չեն տալիս ռուս օդաչուները` ազնվորեն պայքարելով համաշխարհային չարիքի` ահաբեկչության և այն մարմնավորող տարբեր տիպի կազմակերպությունների դեմ։
Խոցելով ռուսական կործանիչը` Էրդողանն առաջին հերթին վնասեց հենց իր տերերին։ Դե նրանց, ովքեր Ատլանտիկայից են։ Քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Լաթաքիայի երկնքում, կստիպի Ռուսաստանին անել հնարավոր ամեն բան, որպեսզի փակի թուրք-սիրիական սահմանը։ Ավելի ճիշտ, այդ գործը կանի սիրիական բանակը, իսկ ռուսները կօգնեն սիրիական բանակին։
Փաստորեն, հենց Էրդողանն իր չմտածված գործողություններով համաշխարհային հանրության հատուկ ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի սահմանակից տարածաշրջանի վրա։ Իսկ ամերիկացիները կարողացան փորձում են աչքի չընկնել։ Նրանք պարզապես ծրագրում էին ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ Թուրքիայի հետ համատեղ զորքերը մտցնել հենց այդ` Սիրիայի սահմանակից տարածք։ Քանի որ մեծ հաշվով հենց այդ տարածքի շուրջ է ծավալվել այս ամենը։
Եվ այս ամենի նպատակը մեկն է` ամերիկացիները ցանկանում են, շրջանցելով ռուսներին և նրանց դաշնակիցներին, նավթ և գազ տեղափոխել արևմուտք։ Իսկ Էրդողանը` որպես գողացած ապրանք վերավաճառող փոքր խանութպան, փոքր, բայց շահավետ գործարք է իրականացնում։