ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի– Sputnik. Թուրքական ռազմաօդային ուժերը զենք են կիրառել ռուսական Սու-24 ռմբարկուի նկատմամբ։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը Երևանում Sputnik Արմենիա պորտալին մեկնաբանել է ստեղծված քաղաքական իրավիճակը։
– Դաշնության խորհուրդը հանդես է եկել Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունները կրճատելու առաջարկով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկատվությունը։
–Այժմ իրավիճակն իսկապես շատ լարված է, ես կասեի` վտանգավոր։ Համոզված եմ, որ 2015թ.–ի նոյեմբերի 24–ը կմտնի մարդկության պատմության մեջ, որովհետև դա անկասկած «ջրբաժան» է։ Իմ կարծիքով` հետագա որոշումներ կարող է ընդունել միայն այն մարդը, ով ամբողջական տեղեկատվություն ունի, ով ձեռքը պահում է զարկերակի վրա, կրում է ողջ պատասխանատվությունը, այսինքն` Ռուսաստանի Դաշնության նախագահը։
–Իսկ ինչպե՞ս եք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը։
–Ես ստիպված եմ հանդես գալ որպես ոչ պաշտոնատար անձ, որովհետև նման պայմաններում ցանկացած բառ կարող է ոչ միանշանակ ընդունվել։ Որպես վերլուծաբան` ես կարող եմ ենթադրել, որ կարող է տեղի ունենալ հարաբերությունների զգալի սրում Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Իսկ ինչ վերաբերում է լուրջ, խոշոր, միջազգային դիվանագիտությանը, ապա շատ բան կախված կլինի նրանից, թե այդ պայմաններում ինչ դիրքորոշում կզբաղեցնեն Վաշինգտոնը, ՆԱՏՕ–ն, արևմտյան պետությունները։
Ըստ առաջին հաղորդագրությունների` ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Վաշինգտոնը չի շտապում անցնել Թուրքիայի կողմը։ Եվ ես համոզված եմ, որ հենց Թուրքիայի դիրքորոշումը չի կարող արժանանալ ՆԱՏՕ–ի համընդհանուր աջակցությանը։ Իրականում ինչ էլ պատահի սահմանին, հատել է այն ինքնաթիռը, թե ոչ, Թուրքիան ինքնաթիռը խոցելու ո՛չ բարոյական, ո՛չ իրավաբանական իրավունք չուներ։ Համոզված եմ, որ դա հասկանալի կլինի Եվրամիության շատ երկրներին։ Եվ ես չեմ բացառում, որ նաև Վաշինգտոնին։
Ամեն դեպքում, կոալիցիայի դաշնակիցները, նույնիսկ ոչ պաշտոնական, չեն կարող իրենց այդպես պահել։ Ուստի կարծում եմ, որ Թուրքիան կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ։
Նիկոնով. Թուրքիան կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ
© Sputnik / Руслан Кривобок
/ Բաժանորդագրվել
Ռուսական Սու-24 ռմբարկուն, որը մարտական առաջադրանք էր կատարում Սիրիայում, խոցվել է թուրքական ՌՕՈՒ «օդ–օդ» տեսակի հրթիռի կողմից երկու երկրի սահմանին