ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սիրիայում վիրավոր երկու ռուս լրագրողներն աշխատում են RT հեռուստաալիքում, երեքշաբթի հայտնել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը: Եվս մեկը ՏԱՍՍ-ի աշխատակից է:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Սիրիայում երկուշաբթի գնդակոծվել են ռուս լրագրողներին ՍԱՀ բանակի առաջավոր դիրքեր տանող ավտոմեքենաները, լրագրողներից երեքը վիրավորվել է:
«Ավտոմեքենայի մոտ հակատանկային հրթիռ է պայթել: RT հեռուստաալիքի թղթակից Ռոման Կոսարևը կոնտուզիա է ստացել», — գրված է հեռուստաալիքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Մեր աշխատակիցներից երկուսը վնասվածքներ են ստացել Սիրիայում: Նրանք արդեն անվտանգ վայրում են` բժիշկների մոտ: Առույգ են: Իսկական խիզախ ճակատային թղթակիցներ են», — Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ լրագրողների մեքենան ուղևորվել է Թուրքիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Դագմաշլիա բնակավայր, որը Սիրիայի բանակը վերջերս է ազատագրել գրոհայիններից: Ինչպես հայտնել է Կոսարևը, հարվածը հասցվել է ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Սալմա բնակավայրից: