ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանն Արգենտինայի նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:
«Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով:
Սարգսյանը նշել է, որ վառ են 2014 թվականին Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մակրիի հետ ունեցած հանդիպման հիշողությունները: Նա համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահի նախագահության ընթացքում կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Արգենտինայի միջև բազմաբնույթ համագործակցությունը։