ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի-Sputnik. Երբ երեք տարի առաջ Երևանը ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, Մաուրիսիո Մակրին անձամբ այցելեց Հայաստան: Նրա օրակարգում տեղ գտավ նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցը: 2015 թվականի ապրիլի 24-ին Մակրին ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց. «Ցեղասպանության 100-րդ տարելից. հիշում ենք»:
Սակայն նորընտիր նախագահ Մաուրիսո Մակրիի նախընտրական քարոզարշավում կոնկրետ հայկական համայնքի կամ Հայաստանի հետ հարաբերությունների մասին կետ չկար: Նա բնակչության 52 տոկոսի համակրանքին արժանացավ այն բանից հետո, երբ հայտարարեց, որ «կառուցելու է զրոյական աղքատության մակարդակ ունեցող երկիր»: Հիշեցնենք, որ Արգենտինան տնտեսական բարդ իրավիճակում է: Ոչ պաշտոնական տվյալներով` մինչև տարվա ավարտը գնաճը կարող է հասնել 20 տոկոսի:
Sputnik լրատվական պորտալի թղթակցի հետ զրույցում արգենտինաբնակ Անի Առաքելյանը պատմեց, որ հայկական համայնքը ընտրության է գնացել` հաշվի առնելով ներքին քաղաքական նկատառումները:
«Այստեղ մեր` հայերիս հանդեպ խտրական վերաբերմունք չկա: Իշխանությունը մեզ ընկալում է նախ որպես արգենտինացի, հետո նոր` հայ: Ուստի ինչպես արգենտինացիների, այնպես էլ հայերի համար կարևոր էր ընտրել մի թեկնածուի, ով երկիրը կտաներ զարգացման: Սակայն պետք է հիշել նաև, որ Մաուրիսիո Մակրին Հայաստանի հետ հարաբերությունների փորձ ունի: Ասեմ, որ նրա տնտեսագետը հայ է, ուստի չեմ կարծում, որ հակահայկական որևէ գործ արվի»,- ասաց Անին` ավելացնելով, որ իրենց մոտ թուրքամետ կուսակցություն կամ գաղափարախոսություն չկա:
Անին խոսքը եզրափակեց արգենտնացիներին բնորոշելով որպես «բարի ու ընկերասեր մարդիկ, որոնց հետ հայերն ապրում են հաշտ ու համերաշխ»:
Գոհար Սարգսյան