ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այն իրավիճակը, որն այսօր առկա է Ղրիմում` կապված հոսանքի մատակարարման հետ, Հայաստանին չափազանց ծանոթ է 90-ականների սկզբից, երբ գրեթե նույն քանակի բնակչությունը մնացել էր գործնականում առանց հոսանքի։ Տարբերությունը մեծ չէ։
Ղրիմում, օրինակ, այսօր բնակվում է մոտ 1.5 մլն մարդ, գուցե մի փոքր ավել։ Հայաստանում 90-ականների սկզբին բնակվում էր մոտ 2.5 մլն մարդ։
Ղրիմի էներգետիկ ճգնաժամը պայմանավորված է շրջափակումով, ինչպես և այն ժամանակ Հայաստանում։ Ղրիմում այժմ հոսանքազրկված են բոլոր ենթակառուցվածքները, ծանր վիճակում է հայտնվել զբոսաշրջությունը, որի հետ թերակղզու ղեկավարությունը մեծ հույսեր է կապում։ Հայաստանում ավելի քան 20 տարի առաջ շրջափակման և էներգետիկայի ոլորտում առկա ճգնաժամի պատճառով փլուզվեց արտադրությունը։ Տնտեսությունը նման փորձությունը չկարողացավ դիմանալ` այդպես էլ չկարողանալով մինչև վերջ նորմալ վերականգնվել և ոտքի կանգնել։
Խնդիրն, իհարկե, քաղաքական բնույթ է կրում, այն կապված է Ուկրաինայի ղեկավարության դիրքորոշման հետ։ Սակայն չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ նման դեպքերում խոշոր տարածաշրջանի էներգետիկան լուրջ փորձությունների է ենթարկվում։ Եվ դա դեռ մեծ հարց է` էներգետիկան կկարողանա՞ դիմանալ ոչ միայն Ղրիմին, այլև Ուկրաինային։ Չէ՞ որ էներգահամակարգի այդպիսի անկանխատեսելի թռիչքները միշտ հղի են անկանխատեսելի հետևանքներով։
Առավել ևս, որ մամուլը վերջին օրերին բազմիցս խոսել է Ուկրաինայի ատոմակայանների հետ կապված պոտենցիալ վտանգի մասին, որոնք նախատեսված չեն ցանցում ծանրաբեռնվածության նման տատանումների համար։ Ինչպիսի՞ն կարող են լինել այդ հետևանքներն Ուկրաինային էներգահամակարգի համար զուտ տեխնոլոգիական առումով։ Այս հարցով մենք դիմել ենք մի մարդու, ով թերևս, աշխարհում ամենաքաջատեղյակն է այս ոչ ստանդարտ իրավիճակին։
1993 թվականին Հայէներգոյի (Հայէներգոն մի կառույց էր, որին բաժին էր հասել Հայաստանի էներգահամակարգի հովհարային անջատումների հետ կապված բոլոր տեխնիկական դժվարությունները) գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սպարտակ Հակոբյանն ասաց. «իրականում ուկրաինական ԱԷԿ–ի հետ կապված վտանգը չափազանցված է»։
«Ցանկացած երկրի էներգամատակարարման համակարգն ի սկզբանե այնպես է նախագծվում, որպեսզի սպառման տատանումները կարելի լինի փոխհատուցել միևնույն համակարգի մեջ մտնող առանձին արտադրողական հզորությունների հաշվին։ Սովորաբար դա արվում է հետևյալ կերպ`բնակելի հատվածի սպառման ամենաբարձր կետի և գիշերային (ցածր) տարբերությունն ընդհանուր առմամբ փոխհատուցվում է հիդրոէլեկտրակայանի հաշվին։ Անցնելով սպառման գիշերային ռեժիմի` պարզապես կրճատում են հոսանքի սպառումը հենց այդ արտադրող հզորություններում։ Եթե այդ ռեսուրսների հզորությունը չի բավարարում, ստիպված են լինում անջատել
արդեն այն հզորությունները, որոնք կապված են ջերմաէլեկտրակայաններում հոսանքի արտադրության հետ։ ԱԷԿ–ին դիմում են վերջին հերթին», – ասում է Հակոբյանը։
Նրա կարծիքով`կոնկրետ Ուկրաինայի հետ կապված` Ղրիմի անջատումների պարագայում հերթն ԱԷԿ–ին, այնուամենայնիվ, կհասնի, քանի որ այնտեղ հոսանքի արտադրման համակարգը մեծ քանակի հիդրոէլեկտրակայաններ չի ենթադրում։
«Կարծում եմ` այն կառույցը, որը կարգավորում է էներգամատակարարումն այդ երկրում, սկզբում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարգավորի սպառման ցածր թռիչքը` ջերմաէլեկտրակայանների հաշվին։ Իսկ այնուհետև, քանի որ սպառման տարբերությունն իսկապես մեծ է (քանի որ 1.5 մլն օգտատեր անջատվել է սպառման համակարգից), ստիպված կլինեն կրճատել ատոմային կայանների հզորությունները», – կարծում է փորձագետը։
Առավել ևս, որ խոսքն Ուկրաինայի մասին է, որտեղ գործում են ոչ վերջին սերնդի ատոմային կայաններ, ինչը թույլ է տալիս հնարավորության դեպքում կրճատել հոսանքի արտադրման հզորությունը 25 տոկոսով։
Նախկին սերունդների ԱԷԿ–երի հետ գործ ունենալիս, որոնք կառուցվել են դեռևս Խորհրդային Միության ժամանակ, անհրաժեշտ է հասկանալ, որ սպառման այսպիսի կտրուկ անկման հետ, ինչպես տեղի է ունեցել Ղրիմում, ատոմային կայանը հարկ կլինի անջատել ամբողջական բլոկով։ Ինչը տեխնիկական առումով բավականին դժվար է, սակայն վթարներին և ճառագայթային արտանետումներին գործը չպետք է հասնի։
Եվ այսպես, Ուկրաինայում, Ղրիմի ընդհանուր էներգետիկ ցանցի անջատման հետ կապված, երկրորդ Չերնոբոլ չպետք է լինի։ Այն դեպքում, եթե ուկրաինական էներգետիկներին հաջողվի գրագետ կազմակերպել Զապորոժսկի և Հարավ–ուկրաինական ԱԷԿ–ների մեկ բլոկով անջատման գործընթացը։ Հայաստանի էներգետիկները 90-ականների սկզբին կարողացել է նմանատիպ խնդրի լուծումը գտնել։