ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի- Sputnik. Մոսկվայի դատարանը մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտել կենդանիների պաշտպան Վիկտորյա Պավլենկոյին, որին մեղադրում են կույր երգչուհի Յուլիա Դյակովայի ուղեկցող շանը գողանալու մեջ, դատարանի դահլիճից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Դատարանը որոշել է նրանից 15 հազար ռուբլի տուգանք գանձել։
Պավլենկոյին կալանավորել են հենց դատարանի դահլիճում։
Ինչպես սահմանել է դատարանը, մեղադրյալը «Պրոֆսոյուզնայա» մետրոյի մոտ, օգտվելով կույր երգչուհի Յուլիա Դյակովայի անօգնական վիճակից, շահադիտական նպատակներով գողացել է լաբրադոր ցեղատեսակի շանը։
Այս աղմկահարույց պատմությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Մոսկվայի հարավ-արևմուտքում, «Պրոֆսոյուզնայա» մետրոյի մոտ։ Անհայտ անձինք կույր աղջկանից գողացել էին շանը, առանց որի նա չի կարողանում տեղաշարժվել քաղաքում։
Անհապաղ հարուցվել էր քրեական գործ, իսկ ՌԴ քննչական կոմիտեն խոստացել էր ամեն գնով պատժել մեղավորներին։ ՌԴ ՔԿ աշխատակիցները շանը տիրոջն էին վերադարձրել օգոստոսի 6-ին։