ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի- Sputnik. Փարիզի ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամին կիրակի երեկոյան նկատել էին բելգիական Լյեժ քաղաքում, սակայն ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել նրան, հայտնում է Soir-ը:
Ավազակության դեմ պայքարի ոստիկանական ջոկատն Աբդելսլամին նկատել է Լյեժի շրջանում 19:30-ի սահմանում, նա BMW մակնիշի ավտոմեքենայով է եղել:
Կասկածյալին հաջողվել է թաքնվել, նա մեկնել է Գերմանիայի ուղղությամբ:
Ավելի վաղ Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը հայտնել էր, որ կիրակի Բրյուսելում և Շարլերուայում անցկացված խուզարկությունների ժամանակ Աբդելսլամին չեն ձերբակալել:
Սալահ Աբդեսլամը, որի եղբայր Իբրահիմը պայթեցրել էր իրեն Վոլտեր բուլվարում, այս պահին համարվում է Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալը: Նրա անունով ավտոմեքենաներ են վարձակալած եղել Բրյուսելում և համարներ` Փարիզի մոտ գտնվող հյուրանոցներում, որտեղ ահաբեկիչները բնակվել են հանցագործությունը կատարելուց առաջ:
Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն Աբդեսլամի ընկերները նրան տարել են Բրյուսելի շրջանի կոմունաներից մեկը:
Ինչպես հայտնում են բելգիական ԶԼՄ-ները, վկայաբերելով Աբդեսլամի ընկեր Ամզա Ատուի փաստաբանին, այն պահին, երբ Ատուն Աբդեսլամին Փարիից Բրյուսել է տեղափոխել, կասկածյալի վրա կարող էր մահապարտի գոտի կամ պայթուցիկ նյութով այլ հարմարանք լինել: Ատուն հայտնել է, որ դա ընդամենը ենթադրություն է. ինքը ո՛չ պայթուցիկ նյութ, ո՛չ մահապարտի գոտի չի տեսել:
Փորձագետների կարծիքով` չի բացառվում, որ Աբդեսլամը մեկ այլ հանձնարարություն էլ ունենար և ահաբեկչական նոր գործողություն իրականացնելու մտադրություն ունենար Փարիզի 19-րդ արվարձանում, ինչը հիշատակվում է «Իսլամական պետության» հայտարարության մեջ: