ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի –Sputnik. Ուկրաինայում Հայաստանի դեսպանը Յանուկովիչի կառավարման շրջանի պաշտոնյայի տունը իր կեցավայրի է վերածել, գրում է tert.am-ը` հղում անելով «Նաշի Դենգի» ռեսուրսին։ Կայքը հետաքրքրական անդրադարձ է կատարել Ուկրաինայում Հայաստանի դեսպանին ու նրա նոր կեցավայրին:
Ըստ այդմ` Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն այդ երկրի նախկին նախագահ Յանուկովիչի կառավարման շրջանում գործած պաշտոնյայի` Անտառային ռեսուրսների գործակալության պետ Վիկտոր Սիվեցի կնոջ` ոմն Մարինա Ժուռավլյովայի տունը վեր է ածել իր կեցավայրի:
№31 տունը 1086 ք/մ տարածք ունի։ Տան պատին զետեղվել է «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի կեցավայր» գրությունը, այն դեպքում, երբ տան վարձակալության մասին տեղեկություններ պատկան մարմնում չկան:Աղբյուրը գրում է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դիվանագիտական կեցավայրերը անձեռնմխելի են, ինչը Սիվեցը, ըստ ամենայնի, օգտագործել է որպես «յուրօրինակ իմունիտետ»: Դեսպանի կեցավայրի կարգավիճակ ունենալու դեպքում տունը ենթակա չի լինի խուզարկումների: Իսկ դա հիմա կարևոր է, քանի որ այժմ Սիվեցի կինը բիզնեսի հարցերով ժամանակ առ ժամանակ գալիս է Ուկրաինա և մնում հենց այդ տանը:
Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է 2010-ից: Վիկտոր Սիվեցը Յանուկովիչի շրջանի չինովնիկների մերձավոր շրջանակի անձ է համարվում: Յանուկովիչի փախուստից հետո Սիվեցը ևս տեղափոխվել է Մոսկվա: