ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի- Sputnik. Air France ավիաընկերության ինքնաթիռներից երկուսը, որոնք ԱՄՆ-ից Փարիզ էին մեկնում, ստիպված են եղել փոխել ուղղությունը, որովհետև տեղեկություն է ստացվել, թե ինքնաթիռներում պայթյունի վտանգ կա, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
KSL հեռուստաալիքի տվյալով՝ Լոս Անջելեսից Ֆրանսիա թռչող A-380 ինքնաթիռը ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո վայրէջք է կատարել Սոլթ Լեյք Սիթիի օդանավակայանում: Ինքնաթիռում 497 ուղևոր է եղել:
Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը, Վաշինգտոն-Փարիզ չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Գալիֆաքսի օդանավակայանում: Ինքնաթիռում 298 ուղևոր է եղել:
Վերջին տվյալոով՝ երկու ինքնաթիռները հաջող վայրէջք են կատարել, ուղևորներին տարհանել են: Իշխանությունը ստուգում է ռումբի մասին տեկությունները։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել: