ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի– Sputnik. Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է ևս մեկ ահաբեկչի ինքնությունը, որը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, հայտնում է Associated Press–ը` հղում անելով դատական աղբյուրին։
Գործակալության տվյալով` Ֆրանսիայի 20–ամյա քաղաքացի Բիլյալ Հաֆդին երեք մահապարտից մեկն է եղել, որն իրեն պայթեցրել է «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ։ Եվս մեկ ահաբեկիչ` 31–ամյա Իբրահիմ Աբդեսլամը, որի մասին հայտնի է դարձել ավելի վաղ, աղբյուրի տվյալով, «մահապարտի գոտին» գործարկել է Փարիզի Վոլտերի բուլվարում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը Փարիզում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեղադրանքով որոնում է նրա եղբորը` Սալահ Աբդեսլամին, ոստիկանությունը հրապարակել էր նրա լուսանկարը։ Սալահ Աբդեսլամը ծնվել է 1989թ.–ի սեպտեմբերի 15–ին Բրյուսելում։ Բելգիական ԶԼՄ–ների տեղեկությամբ` հետախուզվողի եղբայրը` Մոհամմեդը, ձերբակալվել է շաբաթ օրը երեկոյան Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում և այժմ կալանքի տակ է։ Երեք եղբայրները բնակվել են Մոլենբեկի վարչական շենքի դիմաց։
Հայտնի է դարձել նաև, որ մահապարտների շարքում է եղել Ֆրանսիայի 29–ամյա քաղաքացի Իսմայիլ Օմար Մոսթեֆան, որի անձը հաստատվել է «Բատակլան» թատրոնում հայտնաբերված դիակի մնացորդների փորձաքննության արդյունքում։ Նրա հայրն ու եղբայրը բերման էին ենթարկվել։
Սերբական «Բլից» թերթն էլ հրապարակել էր մեկ այլ ահաբեկչի անունը։ Վերջինը Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամմեդին է, որն Արևմտյան Եվրոպա է թափանցել Սերբիայի տարածքով։ Մյուս ահաբեկչի` Աբդուլաքբաք Բ.–ի անունը հաղորդել էր Le Figaro թերթը։
Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:
Հայտնի է Փարիզում ահաբեկչական գործողություններին մասնակցած ևս մեկ մահապարտի անունը
© Sputnik / Галина Азуле
/ Բաժանորդագրվել
Փարիզի «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչը Ֆրանսիայի 20–ամյա քաղաքացի Բիլյալ Հաֆդին է, հայտնում է Associated Press–ը