ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Անցյալ գիշեր Փարիզում գրանցված ահաբեկչություններում կարելի է նկատել Ալ Քայիդայի ձեռագիրը, շաբաթ օրը լրագրողներին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
«Դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել այդ ահաբեկչությունների պատասխանատվությունը, եթե դա անում է Իսլամական պետությունը, ապա նա այդ մասին սովորաբար հայտնում է հաջորդ օրը կեսօրից հետո։ Սակայն այս ահաբեկչություններն ավելի նման են Ալ Քայիդայի ձեռգրին»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքերով` այս ահաբեկչությունը կարելի է դիտարկել այդ կազմակերպության և Իսլամական պետության պայքարի համատեքստում, ինչը նկատելի է նաև Մերձավոր Արևելքում։
«Այժմ այդ դիմակայության դաշտը տեղափոխվում է Եվրոպա։ Դա տագնապի ազդանշան է` ուղղված ողջ միջազգային հանրությանը»,- նշեց Գրիգորյանը։
Բացատրելով Բեյրությում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես ահաբեկչությունների հետևանքների տարբերությունը` արաբագետը նշեց, որ ԻՊ ահաբեկչությունները սովորաբար այնքան էլ կազմակերպված չեն։
«Բեյրութում ահաբեկիչներից մեկը մահացել է առաջին մահապարտի պայթյունի ժամանակ: Ի տարբերություն սրան` Փարիզի գործողությունները շատ լավ կազմակերպված և երկարատև նախապատրաստական աշխատանքի արդյունք էին», — ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքերով` ներկա իրավիճակում չպետք է բարձրացվեն լրացուցիչ հակամահմեդական հայացքներ, քանի որ զգացմունքային վարքագիծը իսլամական բնակչության շրջանում կարող է նպաստել ծայրահեղական տրամադրությունների տարածմանը:
Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Անհայտ անձը կրակ է բացել ֆրանսիական մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե ֆրանս» մարզադաշտից ոչ հեռու, որտեղ անցկացվում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղը, և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացի այդ, Փարիզի «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ 11-րդ շրջանում անհայտ անձինք պատանդներ են վերցրել: Փարիզի քաղաքապետարանը հայտնել է այս ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 150 մարդու մահվան մասին: Ավելի քան 110 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» թատրոնում մարդկանց պատանդ վերցնելու ժամանակ, ևս 40-ը դարձել են մայրաքաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ: