ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի– Sputnik. Գերբնական ուժերին և երևույթներին հավատալու հակվածությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց բնույթը հերքվում է հենց մարդու աչքի առաջ, բացատրվում է նրանով, որ մեր գլխուղեղում իռացիոնալ մտքերը ճանաչում է գլխուղեղի մի հատվածը, իսկ դրանք շտկում է բոլորովին այլ հատված։ Այս մասին հոդված է տպագրվել Psychological Review ամսագրում։
«Նույնիսկ այն ժամանակ, երբ կան բոլոր իդեալական պայմանները, որ մարդը կարողանա նկատել իր դատողություններում առկա սխալը, և երբ մարդն ունի իրեն ռացիոնալ պահելու բոլոր դրդապատճառներն ու հնարավորությունները, մոգական ինտուիցիան հաղթում է»,– պատմում է Չիկագոյի համալսարանի հոգեբան Ջեյն Ռազյենը։
Հոգեբանը պատմում է, որ այդ խնդիրը սկսել է ուսումնասիրել այն ժամանակ, երբ հետաքրքրվել է սպորտային երկրպագուների պահվածքով։ Նրանցից շատերը լիովին ռացիոնալ և նույնիսկ անհավատ մարդիկ են, սակայն երբ գործը հասնում է իրենց սիրած թիմի խաղերին, ապա երկրպագուներից գրեթե յուրաքանչյուրը սկսում է սեփական ծեսն անցկացնել և ինչ-որ նշանների հավատալ`դրանք վերագրելով գերբնական ուժերին։
Ռայզենը փորձել է բացահայտել այդ սնոտիապաշտության արմատները, որոնց անհեթեթությունը մարդիկ լիովին գիտակցում են, բայց միաժամանակ շարունակում են հավատալ դրանց: Նա հետևել է մի քանի մարդկանց պահվածքին և փորձել է նրանց հոգեկան աշխարհի աշխատանքը նկարագրել մաթեմատիկական մոդելի օգնությամբ։
Ինչպես բացատրում է հոգեբանը, մարդը, պատկերավոր ասած, կարող է մտածել երկու ձևով` արագ և դանդաղ։ Առաջին հասկացության տակ գիտնականները ենթադրում են ինտուիտիվ մտածողությունը, որը թույլ է տալիս մեզ արագ և հեշտ դուրս գալ կենսական իրավիճակներից և ակնթարթային որոշումներ կայացնել, իսկ երկրորդի տակ` մտածողության ավելի էներգատար ձևը, որը հիմնականում աշխատում է` շտկելով առաջինի սխալները։
Ռայզենի կարծիքով՝ այն փաստը, որ սնոտիապաշտությունը շարունակում է ճնշել մարդու գիտակցության վրա նույնիսկ այն դեպքում, երբ նա հասկանում է դրանց սխալ լինելը, խոսում է այն մասին, որ «դանդաղ» մտածողության աշխատանքի համար պատասխանատու է գլխուղեղի ոչ թե մեկ, այլ երկու հատված։
Դրանցից մեկը սխալները բացահայտելու համար է, երկրորդը` դրանք ուղղելու։ Իսկ այս երկուսի փոխկապակցության վրա կարող են ազդել ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինտուիցիայի համար: Ռայզենի կարծիքով` դա բացատրում է այն, թե ինչու են շատ սպորտային երկրպագուներ իրենց սնահավատ պահում, իսկ խոշոր ընկերությունների մենեջերները հաճախ իռացիոնալ որոշումներ ընդունում։
Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ շարունակում հավատալ գերբնական ուժերին
© Sputnik / Сергей Пятаков
/ Բաժանորդագրվել
Ամերիկացի հոգեբանը բացատրել է, որ մարդիկ կեղծ նշաններին և գերբնական ուժերին հավատում են այն պատճառով, որ գլխուղեղն իռացիոնալ մտքերն ընկալում է մի հատվածի օգնությամբ, իսկ դրանք շտկում է նյադային բջիջների բոլորովին այլ խմբով