ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի– Sputnik. Երևանում, Հայաստանի մի շարք մարզերում, Արցախում և Ջավախքում նոյեմբերի 7-ից կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը, հայտնում է yerkirmedia.am-ը։
Այս տարի փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնի ծրագրում ընդգրկված շուրջ 156 ֆիլմերը՝ ներկայացված աշխարհի 44 երկրներից, կմրցեն 8 անվանակարգերում, մասնավորապես «Ապագա՝ առանց Ցեղասպանության», «Հանդիսատեսի համակրանք», «Պատիվ ունեմ», «Անիմացիոն ֆիլմեր» և այլն:
Փառատոնի շրջանակում կազմակերպվել է նաև «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիա: Փառատոնային 5 օրերի ընթացքում կինոդիտումներին մասնակցող յուրաքանչյուրը կարող է իր հետ բերել խաղալիքներ, մանկական գրքեր կամ այլ օգտակար իրեր, որոնք կփոխանցվեն սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքների երեխաներին: Կազմակերպիչների խոսքով` «Ես կօգնեմ» ակցիայի նպատակը սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելն է: